Home / Հայաստան / «Ռուսգազարդ+ՀՀԿ=գենոցիդ». ԱԺ-ում քննարկում են գազի գինը, դրսում՝ բողոքում

«Ռուսգազարդ+ՀՀԿ=գենոցիդ». ԱԺ-ում քննարկում են գազի գինը, դրսում՝ բողոքում

Այսօր 17:15-ին Ազգային ժողովի մոտ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ  գազի սակագնի բարձացման դեմ բողոքի ակցիա են կազմակերպել:

Ակցիայի մասնակցիներն իրենց հետ բերել էին «ինչքան կուզենք, էնքան կվճարենք», «Ապահով Հայաստան, գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Ռուսգազարդ+ՀՀԿ=գենոցիդ» և այլ գրություններով պաստառներ: Նշենք, որ այսօր  ԱԺ-ում անցկացվում են փակ լսումներ՝ գազի սակագնի  բարձրացման մասին: Լսումները նախաձեռնել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և դրանց մասնակցում են վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և  խորհրդարանական խմբակցությունները:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ հանրային ծառայությունների հանձնաժողովն անօրեն է գործում:

«Հանձնաժողովը, որ ստացել էր «Հայռուսգազարդի» առաջարկը գազի գնի բարձրացման մասին, պետք է նիստ աներ, այդպիսի բան չի եղել, քանի որ հանձնաժողովը կայքով հինգ օր առաջ պետք է հայտարարեր դրա մասին: Հանրային ծառայությունների հանձնաժողովը ստեղծված է, որպեսզի այն անկախ գործի իշխանություններից: ԱԺ-ում քննարկվող հարցը վերաբերում է սուբսիդավորմանը, այսինքն՝ դրա հետ որևէ կապ չունի հանձնաժողովը, և նրանք չպետք է ներկա լինեն, քանի որ վարույթ են իրականացնում այս պահին»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ փոխարենը՝ նիստին ներկա պետք է լինեին լրատվամիջոցները, սակայն ԱԺ-ն մերժել է նիստը բաց անցկացնելու խնդրանքը:

Ակցիային մասնակցող Արգիշտի Կիվիրյանն էլ մտահոգություն է հայտնել, որ գազի սակագնի գոյացման հարցում կան բազում «փակ էջեր», և, օրինակ, փակ նիստի անցկացման հիմնական նպատակն էլ այն է, որ հասարակությունը տեղյակ չլինի այդ մեքենայություններից:

Հիշեցնելով, որ նախ հրապարակվել էր 67% գնի բարձրացման մասին, ապա որոշվել է համեմատաբար քիչ բարձրացնել՝ Կիվիրյանն ասել է, որ դա արվել է ցույց տալու համար, թե իբր իշխանությունները մտածել են ժողովրդի մասին:

«Ակնհայտ էր, որ դա մանիպուլացիոն մայմունության ձև էր:  Ի սկզբանե իշխանությունները պետք է մտածեին գազի գինը իջեցնելու մեխանիզմների մասին, այլ ոչ թե մայմունություններով փորձել հասարակության աչքին դիվիդենտներ շահել»,- ասել է Կիվիրյանը՝ նկատելով, որ հարևան Վրաստանում գազի գինը իջեցվել է:

Հարցին՝ հավանակա՞ն է արդյոք սոցիալական բունտը՝ Կիվիրյանն ասել է. «Ինչքան երկրի վիճակը վատանա, բունտի պոտենցիալը կմեծանա: Հրաբուխն առկա է, կժայթքի, թե չի ժայթքի, ցույց կտա ժամանակը»:

Ակցիայի ժամանակ հնչել են նաև կարծիքներ, թե ժողովուրդը որպես բողոքի նշան պետք է հրաժարվի առհասարակ գազի հարկ վճարելուց:  Թե պայքարի այս կամ այլ մեթոդներ կորդեգրվեն՝ ակտիվիստները դեռ կքննարկեն:

Tekali Taxi