Home / Հայաստան / Զինծառայողը քրեական բարքերի վրա հիմնված համակարգի հերթական զոհն էր. հայտարարություն

Զինծառայողը քրեական բարքերի վրա հիմնված համակարգի հերթական զոհն էր. հայտարարություն

Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը: Այս մասին իր հայտարարության մեջ գրում է «Նախախորհրդարան» միավորումը՝ նշելով, որ «քրեական այդ համակարգը Հայաստանում ձևավորված նորգաղութային կեղեքման կառավարման համակարգի բաղադրիչն է»:

«Այն գործում է օրենքով նախատեսվածին զուգահեռաբար և ըստ էության ներառում է պաշտպանական ոլորտի հիմնական հարաբերությունները, մինչդեռ օրենքով նախատեսվածն ընդամենը սպասարկում է նրան:

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակը նրա բնակության վայրից` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից Երևանի Հանրապետության Հրապարակ բերելու ծայրահեղ քայլն այդ քրեական համակարգի դեմ նրա ծնողների, հարազատների ու համագյուղացիների ընդվզման ցույց էր:

Սրբություն ու օրենք չճանաչող այդ համակարգը դեպի Երևան ուղևորվող ավտոշարասյան երթը խափանելու նպատակով բռնություն է գործադրել սպանված զինծառայողի հարազատների ու համագյուղացիների, այդ թվում` նրա հոր նկատմամբ, խախտել նրանց տեղաշարժվելու ազատության իրավունքը, վնասել նրանց գույքը, ոտնձգություն կատարել դիակի նկատմամբ` փորձելով շուռ տալ նրան տեղափոխող ավտոմեքենան, բազմաթիվ դրվագներով վիրավորել զոհվածի հարազատների ու համագյուղացիների մարդկային արժանապատվությունը:

Որպես բռնության հիմնական գործիք է կիրառվել Ռազմական ոստիկանությունը, որն օրենքով քաղաքացիական բնակչության հետ առնչվելու որևէ լիազորություն չունի, ուստի Զինված ուժերի մաս կազմող այդ ստորաբաժանմանը նման հրաման տված և այդ հրամանը կատարած բոլոր պաշտոնատար անձինք ենթակա են քրեական պատասխանատվության», – նշում են հայտարարության հեղինակները:

«Նախախորհրդարանն» իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի` հանուն արդարության ընդվզած հարազատներին ու համագյուղացիներին:

«Կոչ ենք անում ամուր կառչել հայրենի հողին և բոլոր հնարավոր միջոցներով պայքարել հանուն մեր նահատակների հիշատակի, մեր մարդկային և ազգային արժանապատվության վերականգնման ու  Հայրենիքի ազատագրման», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi