Home / Հայաստան / Հայրը պնդում է, որ իր որդուն սպանել են Վարդան Ղուկասյանից վրեժխնդիր լինելու համար

Հայրը պնդում է, որ իր որդուն սպանել են Վարդան Ղուկասյանից վրեժխնդիր լինելու համար

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվում է Հարություն Սարգսյանը, ով հանդիսանում է Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին:

Asparez.am-ի փոխանցմամբ` երեկ դատարնում ցուցմունք է տվել սպանվածի հայրը՝ Ռազմիկ Եսայանը: Եսայանն իր ցուցմունքում ասել է, որ Սարգսյանները նախկինում խնդրել էին Վարդան Ղուկասյանից նրա դստեր ձեռքը և մերժվել, ինչը, ըստ հոր, հավանաբար վիրավորական էր թվացել Սարգսյաններին:

«Երևի ինքն իրա մեջը մտածել է վրեժխնդիր լինի, թե՝ ինչ, ոչ մեզնից, երևի Ղուկասյաններից: Մեզնից վրեժխնդիր լինելու բան չկար»,- ասել է վկան՝ նկատի ունենալով Հարություն Սարգսյանին:

Վկան նաև իր դժգոհությունն է հայտնել դատախազությունից և քննչական գլխավոր վարչությունից, որոնք, ըստ նրա, գործի թերի են դատարանին հանձնել:

«Գործը մնացել է առաջի օրվա դրությամբ: Դատախազությունը կամ չվերահսկեց, կամ՝ չկարողացավ, ոնց-որ ազատ ունկնդրի, դիտորդի դերում լինի, իսկ ոստիկանությունը, քննչական վարչությունը ոչ մեկին չհայտնաբերեց», – ասել է Ռազմիկ Եսայանը՝ դատարանին խնդրելով գործը հետ ուղղարկել քննության, որպեսզի հայտնաբերվեն գործի բոլոր մասնակիցները:

Asparez.am-ը նշում է, որ դատական նիստի ընթացքում վիճաբանություններ են տեղի ունեցել: Ինչպես նախորդ նիստերին, այս անգամ ևս կողմերը տեղից միմյանց ուղղված ինչ-որ խոսքեր ուղղում, ժեստեր անում, վկայի ամբաստանյալին տված որակումները՝ ոճրագործ, մարդասպան, առիթ էին հանդիսանում վիճաբանության:

«Մյուս անգամ չկրկնեք էդ բառերը: Երբ որ կպարզեք, թե ով է ձեր որդուն սպանել…, այո դաժանաբար է սպանվել: Ինչո՞ւ եք ինձ մարդասպան ասում, երբ որ կպարզեք, թե ով է՝ թող չդատեն՝ վառեն», – տեղից ասել է Հարություն Սարգսյանը, ինչի համար նախազգուշացում է ստացել դատավորից:

Հաջորդ դատական նիստը կկայանա այսօր:

Tekali Taxi