Home / Հայաստան / «Պարտավոր են հաշվի նստել քաղաքացիների հետ». գազի գնի տապալված քննարկման մասին

«Պարտավոր են հաշվի նստել քաղաքացիների հետ». գազի գնի տապալված քննարկման մասին

Գազի գնին վերաբերող երեկվա քննարկումն անհայտ կարգավիճակ ունեցող միջոցառում էր: Անդրադառնալով տապալված քննարկմանը՝ այս մասին հայտարարություն է տարածել «Եկե՜ք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Հանրությունը ականատես եղավ, թե ինչպես տապալվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ հանցավոր փորձը ձևական լսումների միջոցով արտագաղթին նպաստող,գազի և էլեկտրաէներգիայի ազգասպան սակագները հաստատելու փորձը:

Պետք է նշել, որ ՀԾԿՀ ներկայացուցիչների կողմից այդպես էլ չհստակեցվեց միջոցառման կարգավիճակը՝ աշխատանքային քննարկում թե՞ հանրային լսում (իսկ դրանք իրարից արմատապես տարբերվող հասկացություններ են), ինչը, ըստ էության, նպատակ էր հետապնդում, որ հետագայում, հանձնաժողովի դիրքորոշումները մատուցվելու էին ըստ ցանկության և անհրաժեշտ ձևով», – նշում են ակտվիստները:

Նախաձեռնության անդամների կարծիքով՝ հանրության ներկայացուցիչներին թյուրիմացության մեջ գցելու և ապակողմնորոշելու համար ՀԾԿՀ-ն ցանկանում էր այդ միջոցառումն անցկացնել իր վարչական շենքի նկուղային հարկի փոքր սրահում, որտեղ կարող էին տեղավորվել սակավաթիվ մարդիկ: Այդ սենյակում չկային աշխատանքային պայմաններ և անհրաժեշտսարքավորումներ (խոսափողներ):

«ՀՀ քաղաքացիներն ապացուցեցին, որ հանրության մասնակցությունը, իրական հանրային լսումներին, կրում է և կրելու է սկզբունքային բնույթ:

Հետայսու քաղաքացիների միջոցների հաշվին պաշտոնավարողները պարտավոր են հարգանք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ և հաշվի նստել նրանց հետ և հաշվի առնել նրանց դիրքորոշումը:

Տեղի ունեցածը վկայում է նաև, որ քաղաքացիները կամք ու եռանդ ցուցաբերելու դեպքում կարող են հանրությանը վերադարձնել քրեաօլիգարխիկ համակարգի զավթած պետական լծակները:

Ժողովրդի գրպանը մտնելու մենաշնորհների փորձը կանխելու համար, կո՛չ ենք անում բոլոր քաղաքացիներին՝ միավորվել հանուն ձեր երեխաների առողջության ևբարեկեցության», – ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Tekali Taxi