«Հրապարակն առանց այն էլ աղճատեցինք». ճարտարապետը չգիտեր, որ ժյուրիի կազմում է
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի ժյուրիի կազմը հայտարարված է, ինքը ժյուրիի կազմում է, սակայն այսօր է տեղեկացել այդ մասին: Այս մասին այսօր Մինասյան ասել է Epress.am-ի հետ զրույցում:
«Մարդիկ տեղյակ են, ինձ զանգ են տալիս, բայց ես տեղյակ չեմ, նոր եմ իմանում, մինչդեռ սովորական հարաբերությունները ասում են, որ մինչև ժյուրիի անդամ լինելը տեղյակ են պահում, որովհետև եթե ես կարդայի սա, կասեի ոչ, ինչը հիմա եմ անում: Հրապարակի վերակառուցման հայեցակարգի ժյուրիի կազմում ես լինել չեմ կարող»,- ասել է միության նախագահը:
Մինասյանը գտնում է, որ հրապարակին առհասարակ պետք չէ «ձեռք տալ»:
«Նրան առանց այն էլ աղճատեցինք հետևում կառուցված բարձրահարկ շենքերով, այժմ յուրաքանչյուր միջամտություն ավելի վտանգավոր է», - նշել է մեր զրուցակիցը:
Վերջինս նաև չգիտի, թե այս որոշումով ինչպիսի լուծումներ են առաջարկվելու և ինչպիսի տեսք է ունենալու Հանրապետության հրապարակը, իսկ այն, որ ամեն ինչ արվում է հապշտապ, դա աններելի է:
«Այս հարցը քնnարկվել էր քաղաքաշինական խորհրդում՝ հետագա քննարկումների ակնկալիքով, ինչը վերջնական չէր, պետք է քննարկեինք, տեսնեինք՝ ինչ պարամետրերի մեջ պետք է աշխատվի: Ինձ համար տարօրինակ է, որ հանկարծ հայեցակարգային այս մրցույթը հայտարարվում է և հայտարարվում է նաև շատ տարօրինակ նախադասություններով՝ քանի որ հրապարակի հետևում բարձրացել են այդ բարձրահարկ շենքերը, կարծես թե իրենք իրենց են բարձրացել, նամանավանդ՝ վերջին տարիներին բարձրահարկերի առկայության մասին մենք միշտ ասել ենք, ու, քանի որ հետևում բարձրահարկ շենքներ են, ուրեմն մեջբերում եմ՝ «և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման»: Ի՞նչ է նշանակում վերակառուցման, սա արդեն շատ վտանգավոր է», -հարցրել է Մինասյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ համալիրը, որը հուշարձան է համարվում, արված է Թամանյանի էսքիզով ու այն Հայաստանի առաջնակարգ հուշարձաններից է:
«Մենք պարտավոր ենք հարազատ մնալ դրան, ու չի կարելի նրա հետ ինչ-որ շուտափույթ, հապճեպ, «ոտքի վրա» որոշումներ կայացնել: Այստեղ որոշակի մեսիջներ կան, թե ինչ պետք է անի այդ աշխատողը: Ի՞նչ է նշանակում «ծավալատարածական, հորինվածքների զարգացման», այսինքն՝ միջամտություններ հրապարակի տարածքում եղած շենքերի՞ շուրջ:
Շատ լավ կլիներ այն շենքերը, որ կտրվեին հրապարակի հետևում եղած բարձրահարկ շենքները: Հետքրքիր է՝ ո՞վ է արել, ե՞րբ են աճել այդ շենքերը, միամի՞տ եղան ու սա ավելի խորացնել չի կարելի», - նշել է Մինասյանը:
Մասնագետը խորհուրդ է տալիս հանգիստ թողնել այդ տարածքը ու չաղավաղել համալիրը:
«Սա հանրապետական կարգի բարձրակարգ հուշարձան է, իսկ նման մրցույթները հայտարարելու մասին շատ երկար են մտածում: Նաև նշեմ, որ նման մրցույթները հայտարարվում են ոչ միայն քաղաքապետարանի կողմից, դրան պետք է մասնակցեն Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունները, իսկ Ճարտարապետների միությունը՝ անպայման, մանավանդ, եթե հարցը վերաբերում է պետական գործընթացին: Հրապարակը համարվում է մեր պետական սինվոլներից մեկը ու այստեղ միայն քաղաքապետարանը բավական չէ՝ մրցույթ հայտարարելու համար», -պատմել է ճարտարապետը:
Վերջինիս խոսքով՝ քանի որ նման հայեցակարգի մասին որևէ քննարկում չի եղել, սակայն մրցույթն արդեն հայտարարված է, ուստի ինքը զրուցելու է ժյուրիի մյուս անդամների, նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
«Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ են այսքան արագ ու հապճեպ որոշում կայացրել հրապարակի վերաբերյալ, այն էլ, երբ հրապարակը որևիցե խնդիր չունի, մենք ուղղակի հրապարակը նսեմացրել ենք մեր քայլերով, այն ամենուր ճանաչված է որպես լավագույն հրապարակներից մեկը, այնինչ մենք այնքան բաց տեղեր ունենք», -եզրափակել է Միանսյանը: