Պետք է արդյոք հայերի համերաշխությունը թուրք ցուցարարներին. կողմ և դեմ
Հարյուրավոր հայաստանցի քաղաքացիական ակտիվիստներ սոցցանցերում համերաշխություն են հայտնում Թուրքիայում հանուն հանրային սեփականության տարվող բողոքի ացկիաների մասնակցիներին:
Տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Իսպանիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, վերջին օրերին անցկացվել են ակցիաներ՝ ի համերաշխություն թուրք ակտիվիստների: Հայաստանում, սակայն, ակցիա անցկացնելը քիչ հավանական է, քանի որ դրա մասին քննարկումներն արթնացրել են ազգայնական միությունների և դրանց համակիրների զայրույթը: Վերջիններս սոցցանցերում հայտնում են, որ պատրաստ են կանխել Հայաստանում թուրքերի սատարելու ակցիայի ցանկացած փորձ:
Epress.am-ի տեղեկություններով՝ ազգայնականներն արդեն իրագործել են իրենց սպառնալիքները՝ երեկ երեկոյան հարձակվելով և ծեծելով ընդդիմադիր ակտիվիստին, ով ծեծի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել: Ոստիկանության փոխանցմամբ՝ ծեծի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ազգայնականների զայրույթը, հավանաբար, հարուցել է այն փաստը, որ ակտիվիստը Facebook-ում կոչ էր արել թուրք ցուցարարներին աջակցության կոչերով ակցիա կազմակերպել:
Համացանցում վերջին երկու օրերին Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին հայերի արձագանքի մասին քննարկումներ են ծավալվել, Facebook-ում ստեղծվել է «Հայ քաղաքացիական ակտիվիստների համերաշխությունը Ստամբուլի ցուցարարներին» խումբ:
Մի շարք օգտատերեր, սակայն, կարծիք են հայտնում, որ թուրքերին համերաշխություն հայտնելը տեղին չէ: Ոմանք կարծիք են հայտնում, որ, անկախ Թուրքիայում տիրող իրավիճակից, պետք չէ աջակցել նրանց, ովքեր չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը: Այլ տեսակետի համաձայն՝ Թուրքիայի բողոքի ցույցերից ոգևորվել պետք չէ, քանի որ դրանք, հնարավոր է, հանգեցնեն Թուրքիայում ավելի ազգայնական իշխանության հաստատմանը, կամ որ դա Թուրքիայի ներքին խնդիրն է:
Facebоօk-ի օգտատեր, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը գրել է. «Տարածաշրջանը պետք է ազատագրվի միասնաբար, այլ կերպ չի ստացվելու ոչ Հայաստանի բնության պաշտպանությունը, ոչ բանակում սպանությունների նվազեցումը, ոչ էլ ցանկացած առողջ նախաձեռնություն մեկ տարածքի ներսում»:
«Հաճելի է, որ համերաշխ ենք Թուրքիայի ընդվզած քաղացիների հետ, բայց մինչև հիմա զարմացած եմ, որ շատ քչերս էինք համերաշխ Ռուսաստանի ձմեռային ազատագրական շարժմանը: Մինչդեռ վերջինս, հաջողվելու դեպքում, շատ ավելի էական ազատագրական նշանակություն կունենար հենց Հայաստանի համար, քանի որ մեր անազատության ակունքը Ռուսատանում է, և ոչ Թուրքիայում», - գրել է հրապարակախոս Արա Նեդոլյանը:
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, անդրադառնալով ակցիա անցկանելու պատրաստակամություն հայտնողներին, նշել է, որ ռուսական վերլուծություններում տարբեր երկրներում իշխանության դեմ պայքարը որակվում է օրանժ հեղափոխություն ու ամերիկյան դավադրություն, «հիմա էլ դուք հակառակ կաղապարո՞վ եք որոշել շարժվել՝ որտեղ ինչ հակաիշխանական «դվիժենի» լինի, պետք է աջակցե՞լ»:
«Ասենք ձեզնից քանի՞սն է խորացել, թե ի՞նչ է այնտեղ կատարվել: Ի՞նչ դեմոկրատիա, ի՞նչ բան: Թուրքիան տարիներ շարունակ դիկտատուրա պահած քեմալակննե՞րն են դեմոկրատիա: Կամ Թուրքիան մոնոէթնիկ պետության վերածաց քեմալականնե՞րը: Կամ ընդհանրապես առանց խորանալու, միայն մեդիա-պատկերների հիման վրա աջակցությունը որևէ երկրի որևէ խմբին ո՞րն է: Ասենք, Մալիի ապստամբներին աջակցո՞ւմ եք, իսկ Տիմորի պապուաս անջատողականների՞ն: Ի դեպ ամենայն լրջությամբ վերջիններիս ավելի մեծ հաճույքով կպաշտպանեի, եթե ձեռս ճար լիներ: Իսկ եթե վաղը քեմալականները գան իշխանության, ճնշեն իսլամակններին, ու իսլամականները ապստամբեն, էլի՞ պիտի աջակցենք»,- գրել է Տեր-Աբրահամյանը:
Մեկ այլ օգտատեր՝ Վահան Ստեփանյանը, իր էջում գրել է. «Ո՞նց կարելի ա փորձել, կեղտ գտնել նույնիսկ նրա մեջ, որ մարդիկ հումանիստական պրինցիպներից ելնելով ցավակցում են Մարտի Մեկի օրը ընկած «թշնամիների» հարազատներին, ընկերներին, մոտիկներին և վերջապես՝ լրիվ անծանոթներին, թեկուզ: Հարգելի ընկերներ, ինձ թվում ա սա (ոչ թե տոլեռանտությունը, այլ աջակցություն կասեցման փորձը) ակնհայտ ագրեսիայի դրսևորում ա: Ընդ որում, արդարացվում ա դա, ներողություն, բայց ինձ համար հիմար արգումենտներով՝ «մեզ լավ չի լինի դրանից», «բա խի՞ սաղին չեք աջակցում»: Ովքե՞ են էդ «մեզ»-ը: Ես թքած ունեմ «մեզ»-ի վրա, անկախ ամեն ինչից՝ դեմ եմ, որ մարդկանց գլուխը ուղիղ և փոխաբերական իմաստով ջարդեն ու արտահայտվելու եմ դրա մասին: կամ որ մարդ աշխարհի բոլոր հնարավոր անարդարություններ մասին չի խոսում, ուրեմն պետք ա ընդմիշտ լռի՞»:
Նշենք, որ հայաստանցի ակտիվիստներից շատերը մեջբերում են Ստամբուլի ակցիաների մասին հայտնի փիլիսոփա Սլավոյ Ժիժեկի կարծիքը. «Թեև ամեն ինչ սկսվել է Ստամբուլի կենտրոնում գտնվող մի այգի առևտարան ոտնձգություններից պաշտպանելուց, շարունակվող ակցիաները ցույց են տալիս,որ գոյություն ունի ավելի լուրջ հիվանդություն: Ըստ էության՝ բողոքի ակցիաները ապացուցում են, որ ազատ շուկայական հարաբերությունները չեն ենթադրում սոցիալական ազատություն և կարող են համագոյակցել ավտոիտար քաղաքականության հետ: Ահա թե ինչու այս ակցիաները մասն են կազմում այն գլոբալ խռովությունների, որոնք ցնցում են աշխարհում հաստատված իրավիճակը: Բոլորն նրանք, ով ցանկանում են անկախություն ու ազատություն, պետք է թուրքերին ասեն՝ մենք ողջունում ենք ձեզ: Մենք համաշխարհային պայքարի մի մասն ենք: Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Թուրքիա. միայն միասին պայքարելով է, որ մենք հաղթելու հույս ունենք»:
Ակտիվստներ նաև տարածում են իտալացի կոմունիստների հայտնի «բելլա Չաո» երգի թուրքկական տարբերակի տեսահոլովակը: