Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ պետքարտուղարը՝ Նալբանդյանին. «Կարևոր է, որ Հայաստանն օգնում է մեզ Աֆղանստանում»

ԱՄՆ պետքարտուղարը՝ Նալբանդյանին. «Կարևոր է, որ Հայաստանն օգնում է մեզ Աֆղանստանում»

Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է մի շարք նախաձեռնություններում: Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Շատ կարևոր է, որ Հայաստանն օգնում է մեզ Աֆղանստանում ԻՍԱՖ (Միջագզային անվտանգության աջակցման ուժեր) ծրագրի շրջանակներում, ինչպես նաև առանցքային դեր են խաղում Կոսովայում՝ աջակցելով մեզ խաղաղության հաստատման գործում», — նշել է Քերին:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ բոլորի համար շատ կարևոր է սառեցված ղարաբաղյան հակամարտության լուծումը:

«Չափազանց կարևոր է, որ բոլոր կողմերը, իսկ երբ ասում եմ բոլոր կողմերը, իհարկե, նկատի ունեմ, ադրբեջանցիներին, ինչպես նաև Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, կարողանան գտնել բանակցություններում փակուղին հաղթահարելու ճանապարհը: Այդ փակուղին միշտ պոտենցիալ վտանգ է պարունակում: Ես հույս ունեմ, որ մենք մի փոքր կխոսենք դրա մասին այսօր: Նաև այլ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ տնտեսական համագործակցություն, տնտեսության զարգացում, ժողովրդավարության ամրապնդում և մեր ընկերների՝ հայ ժողովրդի անվտանգությունը», — ասել է Քերին:

Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, նշել է, որ միջազգային ասպարեզում Հայաստանն ԱՄՆ-ի հետ լավ համագործակցություն է ծավալել՝ խաղաղապահ գործողություններ՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան:

«Մենք նաև կիսում ենք նույն տեսակետը ղարաբաղյան հակամարտության հարցում, այն է՝ շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միմիայն խաղաղ լուծում գտնելու նպատակով: Լուծումը հիմնված է միջազգային իրավունքի չափանիշների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն», — ասել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ երկու երկները կիսում են նաև այն տեսակետը, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է բարելավեն հարաբերություններն առանց նախապայմանների:

Նալբանդյանի կարծիքով՝ ԱՄՆ-ն և Հայաստանը կիսում են նաև ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վերաբերյալ տեսակետները:

«Ես նաև ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը և մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին այն նշանակալի ներդրման համար, որ ունեցել է հայ-ամերիկյան հարաբերերություններում, որոնք այսօր գնտվում են իրենց բարձրակետում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով դրանք նոր բարձրունքների կհասնեն», — ասել է ՀՀ արտգործնախարարը: