Home / Հայաստան / «Անդամագրվեի, որ ի՞նչ անեի». Փաշինյանը նախկին գործընկերների մասին

«Անդամագրվեի, որ ի՞նչ անեի». Փաշինյանը նախկին գործընկերների մասին

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցելու հրավեր ստացել է: Համագումարի նախորդ օրը, սակայն, իրեն պաշտոնապես տեղեկացրել են, որ հրավերը չեղյալ է արվում, և որ իմ մասնակցությունը համագումարին ցանկալի չէ։

Այս մասին Փաշինյանը գրել է իր «Առկախված հարցերի և ապագայի մասին» հոդվածի հերթական հատվածում, որը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր:

«Սա էլ՝ ողջ պատմությունը։ Գիտեմ, հարց է ծագելու, եթե չեղյալ չանեին, կգնայի՞։ Չեմ կարող ասել, հրավերը չեղյալ անելու պահին վերջնական որոշում չունեի։ Ի դեպ, ՀԱԿԿ անդամ դարձած մի շարք սիրելի մարդիկ, որոնց հետ իմ անցած ճանապարհը թանկ է և արժեքավոր, հարցնում էին, թե ինչու չեմ անդամագրվել ՀԱԿԿ-ին, համոզում էին անդամագրվել։ Այն ժամանակ նման հարցադրումներին լռությամբ էի պատասխանում՝ որևէ բանի չխանգարելու համար, բայց հիմա կարող եմ ասել, անդամագրվեի, որ ի՞նչ անեի։ Անդամագրվեի, գնայի՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞։ Անկեղծ ասած, Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի հետ աղոթելու մասին երբեք չեմ երագել։

Ի դեպ, նույն շրջանակները ժամանակ առ ժամանակ թեմա են շրջանառում, թե բա գիտեք, բարոյականությունը, քաղաքական տրամաբանությունը ենթադրում են, որ Նիկոլը, որ պատգամավոր է դարձել ՀԱԿ համամասնական ցուցակով, պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից, որովհետև ՀԱԿԿ պաշտոնական գծի մեջ չէ։ Մեր մեջ ասած, բարոյականությունն ու քաղաքական տրամաբանությունը հուշում են, որ մանդատից պետք է հրաժարվեն նրանք, ովքեր Հայ ազգային կոնգրես դաշինքի շնորհիվ պատգամավոր են դարձել, հետո դավադրաբար կազմաքանդել ՀԱԿ-ն ու վերջինիս տված մանդատներն օգտագործում են Մարտի 1-ի դերակատարներին ինդուլգենցիաներ բաժանելու համար։ Ինչ վերաբերում է ինձ, ինչպես նախորդ մեկ տարում, այնպես էլ սրանից հետո՝ ԱԺ պատգամավորի մանդատս ծառայեցնելու եմ Հայաստանի ու նրա քաղաքացու շահերին։ Ու այս գործում ինձ, բարեբախտաբար, չի կարող խանգարել ոչ ոք. առնվազն մինչեւ հաջորդ ընտրություններ։

Իմ մասին մի ընթացիկ բամբասանք էլ կա, թե տեսեք, Տիգրան Առաքելյանի հետ կապված ակցիաներին չի գալիս, էլ ինչ ապացույց եք ուզում, որ ծախված է։ Ես տղաների գործին առնչվող իմ քայլերից շոու չեմ սարքում, բայց պիտի ասեմ. վերջին անգամ Վճռաբեկ դատարանի որոշումից օրեր առաջ եմ այցելել Տիգրան Առաքելյանին, զրուցել ենք, քննարկել։ Քանի որ չէի կարողացել գնալ նրա հայրիկի թաղմանը, նաև այցելել էի ցավակցելու։ Եվ հետո, այս հարցը եղել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բրյուսելյան նիստի իմ ելույթի առանցքային թեմաներից մեկը, էլ չեմ ասում, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ բոլոր խմբակցություններից և որի անդամ եմ նաև ես, միակ պետական մարմինն է, որ հրապարակային մտահոգություն է արտահայտել տղաների գործի կապակցությամբ։ Խոմ չեմ պատմում, թե ինչ ջանքերի գնով է դա ձեռքբերվել, խոմ ամեն անգամ չեմ հիշեցնի ԱԺ ամբիոնից այս կապակցությամբ իմ արած քայլերի մասին…

… Խոստովանեմ, խոստովանեմ՝ չհասցրի էլ գլխի ընկնել, թե ՀԱԿԿ նախկին գործընկերներն այդ ե՞րբ հասցրին իմ մասին բանսարկություններ տարածելը՝ իրենց քաղաքական առաջնահերթությունները համարել: Ընթերցողը չի էլ հավատա, բայց ՀԱԿԿ երիտասարդներին հավաքում, ժողով են անում և համոզում, բացատրում, պնդում, թե ես ծախվել եմ, թե Սերժի մարդն եմ, թե Գասպարյան Վովայի մարդն եմ, Աբրահամյան Հովիկի մարդն եմ, հիմա էլ Տիգրանին են մեջ գցել Սարգսյան: Ախր ի՞նչ ասեմ էդ մարդկանց: Նրանք չեն հասկանում, որ էն մարդը, որ հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ կանգնել, նրանց խոսք է ասել, նրանց աչքերի մեջ վստահություն է տեսել, ահա այդպիսի մեկի համար Սերժը, Վովան, Հովիկը, մյուսները էնքան փոքր կալիբրի մարդիկ են, որ ինքը նրանց արդեն վաղուց նույնիսկ որպես հավասարը հավասարին չի նայում: Կներեք, բայց դրանք ո՞վ են, որ ես իրենց մարդը լինեմ», – գրել է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi