Home / Հայաստան / Ազատամարտիկը Սերժ Սարգսյանին ավտոմատով չի տեսել. ելույթի համար աշխատանքից ազատել են որդուն

Ազատամարտիկը Սերժ Սարգսյանին ավտոմատով չի տեսել. ելույթի համար աշխատանքից ազատել են որդուն

Ազատամարտիկ Վոլոդյա Մաթևոսյանը (Ապարանի Վլե) մի քանի անգամ ոստիկանական բաժանմունք է հրավիրվել, որտեղ նրան զգուշարել են, որ «չընդարձակվի» և «չկպնի պրեզիդենտին»:

Մաթևոսյանին հորդորել են այլևս հարց չբարձրաձնել, թե պատերազմի տարիներին որտե՞ղ է կռվել նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին Մաթևոսյանը պատմել է Еpress.am-ի հետ զրույցում այսօր կառավարության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ:

«Ասում են՝ մեր պրեզիդենտն էլ ա կռված տղա, ես էլ ասացի, որ չգիտեմ, թե որտե՞ղ ա ինքը կռվել, երբեք կռվելուց չեմ էլ տեսել: Որպես հրամանատար՝ ես միայն իրենից զենք ու պատրոն եմ ստացել, իրեն ավտոմատը ձեռքը դիրքերում չեմ տեսել երբեք», – ասել է Մաթևոսյանը:

Նրա խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը կռված լիներ, «էսօր մեր ղադրը կիմանար»:

Նա նշել է, որ իր արտահայտած կարծիքի համար գրեթե միշտ խնդիրներ է ունենում, իսկ բոլորովին վերջերս աշխատանքից հեռացված միակ որդին ընդմիշտ լքել է Հայաստանը:

«Տղաս Հանրապետական հիվանդանոցում սմենի պետ էր, մոտ 6 ամիս առաջ ունեցած իմ ելույթից հետո վրաս չկարողացան, տղայիս ազատեցին: Հիվանդանոցի ղեկավարությունը շեշտել էր, թե իր մեղավորությունը չկա, հեռացման հրահանգը «վերևից» է եկել: Նույն ելույթը ունեցել եմ նաև Մայիսի 8-ին»,- ասել է Մաթևոսյանը:

Ազատամարտիկը վստահեցրել է, թե ինքը շարունակելու է ազատ արտահայտել իր կարծիքը:

«Էսօր մենք չունենք ոչ իշխանություն, ոչ նախարարություն, այսինքն՝ նախարար Սեյրան Օհանյանին չեմ մեղադրում, մեր հարցով հիմնական մեղավորները վարչապետը, պրեզիդենտը ու Գլխավոր շտաբի պետն են: Ոչ բուժում ենք կարում ստանալ, ոչ  կարում ենք գոյատևենք»,  – եզրափակել է նա:

Tekali Taxi