2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ազատամարտիկը Սերժ Սարգսյանին ավտոմատով չի տեսել. ելույթի համար աշխատանքից ազատել են որդուն

Ազատամարտիկ Վոլոդյա Մաթևոսյանը (Ապարանի Վլե) մի քանի անգամ ոստիկանական բաժանմունք է հրավիրվել, որտեղ նրան զգուշարել են, որ «չընդարձակվի» և «չկպնի պրեզիդենտին»:

Մաթևոսյանին հորդորել են այլևս հարց չբարձրաձնել, թե պատերազմի տարիներին որտե՞ղ է կռվել նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին Մաթևոսյանը պատմել է Еpress.am-ի հետ զրույցում այսօր կառավարության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ:

«Ասում են՝ մեր պրեզիդենտն էլ ա կռված տղա, ես էլ ասացի, որ չգիտեմ, թե որտե՞ղ ա ինքը կռվել, երբեք կռվելուց չեմ էլ տեսել: Որպես հրամանատար՝ ես միայն իրենից զենք ու պատրոն եմ ստացել, իրեն ավտոմատը ձեռքը դիրքերում չեմ տեսել երբեք», - ասել է Մաթևոսյանը:

Նրա խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը կռված լիներ, «էսօր մեր ղադրը կիմանար»:

Նա նշել է, որ իր արտահայտած կարծիքի համար գրեթե միշտ խնդիրներ է ունենում, իսկ բոլորովին վերջերս աշխատանքից հեռացված միակ որդին ընդմիշտ լքել է Հայաստանը:

«Տղաս Հանրապետական հիվանդանոցում սմենի պետ էր, մոտ 6 ամիս առաջ ունեցած իմ ելույթից հետո վրաս չկարողացան, տղայիս ազատեցին: Հիվանդանոցի ղեկավարությունը շեշտել էր, թե իր մեղավորությունը չկա, հեռացման հրահանգը «վերևից» է եկել: Նույն ելույթը ունեցել եմ նաև Մայիսի 8-ին»,- ասել է Մաթևոսյանը:

Ազատամարտիկը վստահեցրել է, թե ինքը շարունակելու է ազատ արտահայտել իր կարծիքը:

«Էսօր մենք չունենք ոչ իշխանություն, ոչ նախարարություն, այսինքն՝ նախարար Սեյրան Օհանյանին չեմ մեղադրում, մեր հարցով հիմնական մեղավորները վարչապետը, պրեզիդենտը ու Գլխավոր շտաբի պետն են: Ոչ բուժում ենք կարում ստանալ, ոչ  կարում ենք գոյատևենք»,  - եզրափակել է նա: