2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ձեզ պետք չէր, որ զինդատախազը տեղում լիներ. պատասխան՝ զոհվածների մայրերին

Այսօր Կառավարության շենքի մոտ հերթական ակցիայի ժամանակ բանակում զոհված զինվորների մայրերը դիմել են Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին՝ պահանջելով բացատրել, թե ինչու Գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանը իրենց չի ընդունել, թեև մինչ այդ իրենք պայմանավորվել են հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ Ղազարյանը մայիսի 18-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մոտեցել էր մայրերին և  ասել, որ մայիսի 24-ին ժամը՝ 15.00-ին, զինդատախազը կընդունի իրենց, կքննարկի իրենց հետաքրքրող խնդիրները: Ծնողները նշանակված օրը զինդատախազությունում ասել են, որ Կոստանյանը Հայաստանում չէ:

Խոստումը դրժելու մեղադրանքներին՝ Ղազարյանը պատասխանել է, թե  մայրերը պետք է անմիջապես զանգեին իրեն:

«Եթե զանգեի, Կոստանյանը հետ կգա՞ր»,- հակադարձել է զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:

«Ես ասեցի՝ կգնաք, եթե տեղում չեղավ, անմիջապես կզանգես ինձ: Ձեզ պետք չէր, որ ինքը տեղում լիներ, հակառակ դեպքում, անմիջապես կզանգեիք ինձ»,- ասել է Ղազարյանը:

Կառավարության աշխատակցի դիտարկումից հետո Ղազարյանը խնդրել է բացատրել՝ ինչու իրենց պետք է չուզեն իրենց խնդիրների լուծումը:

«Այ դա չգիտեմ»,- ասել է Ալեքսանդր Ղազարյանը: