Home / Հայաստան / Գազի մասին «մեսիջով» Բաքուն հաճոյացել է Կրեմլին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին, սակայն Երևանը կմերժի

Գազի մասին «մեսիջով» Բաքուն հաճոյացել է Կրեմլին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին, սակայն Երևանը կմերժի

Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ և տարածքային հակամարտության պատճառով գտնվում են չհայտարարված պատերազմի պայմաններում, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավարի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել կոմերցիոն տեսանկյունից: Նման եզրակացության են եկել ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալության վերլուծաբանները՝ մեկնաբանելով SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի՝ Հայաստան գազ մատակարարելու հնարավորության մասին հայտարարությունը:

Մատնանշելով այն փաստը, որ SOCAR-ի գործողությունները խիստ կանոնագրվում են «վերևից», ադրբեջանցի փորձագետները նշում են. «Անգամ ռուսական «Գազպրոմի» կողմից գազի սակագնի թանկացումը 180-ից՝ 270 դոլար չի կարող հիմք լինել, որպեսզի Հայաստանը դրական արձագանք տա այս առաջարկին»:

«Եթե այս հարցին մոտենանք տեխնիկական տեսանկյունից, ապա իսկապես SOCAR-ը հենց վաղը առանց որևէ խնդիրների կարող էր սկսել գազի մատակարարումը Հայաստան: Բանն այն է, որ SOCAR-ի գազի ստորգետնյա պահեստներում ձմեռային ժամանակաշրջանից հետո մնացել է մոտավորապես 2,3 միլիարդ խորհանարդ մետր չիրացված բնական գազ: Իսկ Հայաստանին տարեկան անհրաժեշտ է ընդամենը 1,7 խորհանարդ մետր գազ:

Ադրբեջանական գազի Հայաստան մատակարարման համար գոյություն ունի Վրաստանով անցնող կարճ ճանապարհ: Պետական նավթային ընկերությունը հարևան երկիր գազ է մատակարարում երկու խողովակաշարերի միջոցով: Հայաստանում ռուսաստանյան գազի վերջանալու դեպքում Վրաստան-Հայաստան խողովակաշարը կարող է մատակարարել այլընտրանքային գազ: Իսկ ահա ապագայում Հայաստան գազի մատակարարումը կարելի կլիներ իրականացնել հենց Ադրբեջանի տարածքից, ինչպես խորհրդային ժամանակներում:

Աբդուլաևի հայտարարությունը, այնուամենայնիվ, կարելի է դիտարկել որպես քաղաքական, այլ ոչ թե կոմերցիոն առաջարկ: Փաստորեն, պաշտոնական Բաքուն մեսիջ է ուղարկել միաժամանակ մի քանի հասցեատերերի.

– Երևանին հասկացրել է, որ ադրբեջանական օկուպացված հողերի ազատագրման և Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունման դեպքում Հայաստանը կարող է չանհանգստանալ իր էներգետիկ անվտանգության համար;

– Կրեմլին ակնարկ է ուղարկված, որ Բաքուն հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցության մեջ, հատկապես տարածաշրջանային շուկաներում;

– Վաշինգտոնին և Բրյուսելին առաջարկվել է արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, որի հաջողության դեպքում պաշտոնական Բաքուն տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և տնտեսական համագործակցության համար կիրացնի էներգետիկ ներուժ:
Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է օգտագործել այս այլընտրանքը, որպեսզի Իրանի դեմ էմբարգոյի դեպքում դադարեցնի այդ երկրից գազի մատակարարումը Հայաստան:

Այս մեսիջը անկասկած հաշվի կառնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ժամանակ: Ներկա պահին Արևմուտքն ու Մոսկվան փորձում են վերսկսել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները բարձր մակարդակով»,- գրում է «Թուրանը»:

Tekali Taxi