Home / Հայաստան / Իրանում մեկնարկեցին նախագահի ընտրությունները. հայերը նախընտրած թեկնածուի անուն չեն նշում

Իրանում մեկնարկեցին նախագահի ընտրությունները. հայերը նախընտրած թեկնածուի անուն չեն նշում

Այսօր Թեհրանի ժամանակով 08:00-ին Իրանում բացվել են ընտրատեղամասերը. 78 միլիոն բնակչություն ունեցող երկիրը նախագահ է ընտրում:

Պաշտոնապես ընտրատեղամասերը փակվելու են 18:00-ին, սակայն հերթերի դեպքում ներքին գործերի նախարարությունը խոստացել է երկարաձգել քվեարկության ժամը:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին իրանցիներին կոչ է արել ընտրատեղամասեր գնալ, սակայն 6 թեկնածուներից և ոչ մեկին հրապարակավ չի սատարել: Նույնկերպ որևէ թեկնածուին սատարելու մասին չի հայտնել նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով լքում է պաշտոնը:

Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Իրանում անցկացված նախագահական ընտրություններից հետո հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով պահպանողական Մահմուդ Ահմադինեժադի օգտին կեղծված ընտրությունների դեմ: Իշխանությունները դաժանորեն ճնշել են բողոքի ցույցերը, իսկ նախագահի թեկնածու, ռեֆորմիստ Միր Հոսեյն Մուսավին երկար ժամանակ պահվում էր տնային կալանքի տակ:

Եթե այսօր թեկնածուներից որևէ մեկը չհավաքի քվեների 50.1 տոկոսը, ապա մեկ շաբաթ անց երկրորդ փուլ կանցկացվի: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարվելու են շաբաթ օրը:

Այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ չկա. արևմտյան վերլուծաբանները նշում են, որ երկրորդ փուլի անցկացումը բավական հավանական է: Համաձայն վերլուծաբանների, նման իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ պահպանողականների ճամբարը երեկ ներկայացուցիչ ունի՝ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Բաքեր Քալիբաֆը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին: 

Այս եռյակը լուրջ հակակշիռ ունի՝ ի դեմս ռեֆորմիստների թևը ներկայացնող Հասան Ռուհանիի:

Վերջինիս կարող է օգնել այն փաստը, որ երկրում վերջին տարիների ընթացքում 30 տոկոսանոց գնաճ է գրանցվել, իրանական ռիալը կորցրել է իր արժեքի 70 տոկոս, բացի դա աճել է գործազրկության տոկոսը:

Իրանի հայ համայնքի ղեկավարները կոչ են արել հայերին ակտիվ մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն գոնե հրապարակավ խուսափում են կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու կոչ անել: Նախորդ տարիների փորձից կարելի է ենթադրել միայն, որ հայ համայնքը կընտրի պահպանողական թեկնածուի: Հայտնի է, որ հայերի հետ լավ հարաբերություններ է ձևավորել Թեհրանի քաղաքապետ Բաքեր Քալիբաֆը: Մեր իրանական աղբյուրները հայտնում են, սակայն, որ Քալիբաֆին անգամ ոչ պաշտոնապես սատարելու հարցում էլ համայնքում միանշանակ կարծիք չկա:

Tekali Taxi