Home / Հայաստան / «Զուսպ քաղաքականություն». Արևմուտքը փոփոխություններ է ակնկալում Իրանի նախագահից

«Զուսպ քաղաքականություն». Արևմուտքը փոփոխություններ է ակնկալում Իրանի նախագահից

Շաբաթ երեկոյան Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Նաջարը պաշտոնապես հայտարարել է, որ ռեֆորմիստ թեկնածու, 64-ամյա հոգևորական Հասան Ռուհանին ընտրվել է Իրանի 11-րդ նախագահ:

Ռուհանին հավաքել է քվեների 50 տոկոսից ավելին՝ 18 միլիոն 613 հազար ձայն: Իրանի ընտրություններին մասնակցել է 36 միլիոն 704 հազար մարդ: Նշենք, որ երկրորդ տեղը զբաղեցրած Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը 6.07 միլիոն ձայն է ստացել:

Չնայած Իրանում ազգային անվտանգության և կրոնի հետ կապված խնդիրները մնում են հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի վերահսկողության տակ, սակայն, օրինակ, տնտեսական քաղաքականության հարցերում նախագահը որոշիչ դեր է խաղում: Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ, չնայած Ռուհանին ռեֆորմիստ թեկնածու է համարվում, նա իրականում միջանկյալ դիրք է զբաղեցնում պահպանողական թևի ներկայացուցիչների և ավելի ծայրահեղ տրամադրված ռեֆրոմիստների, մասնավորապես, Միր Հոսեյն Մուսավիի միջև: Վերջինս 4 տարի առաջ պաշտոնական տվյալների համաձայն պարտվեց պահպանողական Մահմուդ Ահմադինեժադին, որից հետո տասնյակ հազարավոր իր կողմնակիցների փողոց հանեց՝ բողոքարկելով նախագահական ընտրությունների արդյունքների: Բախումների ընթացքում հարյուրավոր մարդիկ տուժեցին, իսկ Մուսավին տնային կալանքի տակ հայտնվեց:

Ռուհանին, ով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հիմնական բանակցողն է եղել, ավելի զուսպ դիրքորոշմամբ է հայտնի, այնուամենայնիվ, վերլուծաբանները նշում են, որ Ահմադինեժադից հետո տարբերություններն ակնհայտ կլինեն:

ԱՄՆ-ում և Եվրոպայում ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ 2003 թվականին նախագահ Մոհամադ Խատամիի ժամանակ Ռուհանիի ջանքերով դադարեցվեց ուրանի հարստացման ծրագիրը, որը վերագործարկվեց 2 տարի անց Ահմադինեժադի ընտրվելուց հետո:

Դեռևս նախընտրական շրջանում Ռուհանին խոստացել է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի Եվրոպայի տնտեսական պատժամիջոցները մեղմելու համար, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ: Պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել երկրի տնտեսությանը՝ վերջին  շրջանում գնաճը 30 տոկոս է կազմել, իսկ իրանական ռիալը կորցրել է իր արժեքի 70 տոկոսը:

Կիրակի ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Ռուհանին ասել է, որ միջազգային ասպարեզում «նոր հնարավարություններ են ստեղծվում նրանց համար, ովքեր իրականում հարգում են ժողովրդավարությունը, համագործակցությունը և ազատ բանակցությունները»: Նա իր հաջողությունը որակել է որպես «զուսպ քաղաքականության հաղթանակ ծայրահեղականության նկատմամբ»:

Ռուհանիի ընտրությունը դրական գնահատականի է արժանացել արևմտյան երկրներում, որոնք Իրանից քաղաքական կուրսի փոփոխություն են ակնկալում:

Պաշտոնական Վաշինգթոնն արդեն հայտարարել է, որ հնարավորություն է ստեղծվել «ուղիղ բանակցել» Իրանի հետ՝ կապված խնդրահարույց միջուկային ծրագրի հետ:  Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է աշխատել Իրանի նորընտիր նախագահի հետ՝ միջուկային ծրագրի շուրջ առաջացած ճգնաժամի լուծման համար:  

ԱՄՆ-ի և Եվրոպայի զուսպ լավատեսությունը չի կիսել Իսրայելը՝ նշելով, որ միջուկային ծրագրի հետ կապված հարցերը միևնույն է վճռելու է այաթոլա Ալի Խամենեին:

Պաշտոնական Երուսաղեմի պնդմամբ՝ «Իրանին պետք է շարունակել դատել իր գործողություններով՝ կապված միջուկային ծրագրի և ահաբեկչության խնդիրների հետ»:

Tekali Taxi