Home / Հայաստան / Լսել էր, որ «թեթև վեճ է եղել». «Հարսնաքարի» գործով հարցաքննվում են վկաները

Լսել էր, որ «թեթև վեճ է եղել». «Հարսնաքարի» գործով հարցաքննվում են վկաները

Այսօր Նոր Նորք և Ավան համայնքների առաջին ատյանի դատարանում հարցաքննվել են «Հարսնաքարի» գործով անցնող վկաները, ովքեր հիմնականում հայտարարել են, որ դեպքի մանրամասներին տեղյակ չեն:

Հիշեցնենք, որ 2012-ի հունիսի 17-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծի են ենթարկվել մի խումբ ռազմական բժիշկներ, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, 12 օր անց մահացել է հիվանդանոցում:

Այսօրվա նիստը սկելուց առաջ դատավոր Դավիթ Հարությունյանը հարցրել է, թե արդյոք տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ամբաստանյալներ Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի ու Նորայր Հայրապետյանի պաշտպաններ Ավագ Լալայանը, Միհրան Պողոսյանը և Երեմ Սարգսյանը դեռ հունիսի 4-ին կայացած նիստին գիտեին, որ հունիսի 11-ին չեն ներկայանում դատարան, քանի որ մասնակցում էին Վճռաբեկ դատարանի գործողությունների դեմ անցկացվող փաստաբանների գործադուլին: Փաստաբաններն ասել են, որ  գործադուլին մասնակցելու որոշում այն ժամանակ չէին կայացրել, այլապես կասեին այդ մասին:

Դատարանը, այնուամենայնիվ, անհարգելի է համարել փաստաբանների բացակայությունը: 

Նիստին սկզբում հարցաքննվել են որպես վկա դատարան կանչված «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցողները՝ Դավիթ Գրիգորյանը և Պավել Հարությունյանը:

Երկուսն էլ նշել են, որ թեև դեպքի օրը աշխատել են «Հարսնաքարում», որևէ արտառոց բան չեն նկատել:

«Շատ խառը օր էր, շատ հաճախորդներ կային:  Հետո ես իմացա, որ թեթև վեճ է եղել, բայց ինձ չէր հետաքրքրում, մանրամասները չհարցրեցի», – ասել է Պավել Հարությունյանը:

Նրան հարցեր ուղղելով` ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանը՝ հանրային գրասենյակի փաստաբան Սերգեյ Մկրտչյանը հարցրել է՝ արդյոք մատուցողի 8 տարվա աշխատանքային փորձը հուշում է, որ ռեստորաններում լինում են վիճաբանություններ հաճախորդների միջև:

«Այս բնագավառում ամեն ինչ էլ լինում է: Վեճեր հաճախորդների և սպասարկողների, տարբեր հաճախորդների միջև», – ասել է վկան:

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը առարկել է՝ ասելով, որ այդ ընդհանուր բնույթի հարցը գործի հանգամանքներ չի կարող պարզել: Դատավորը, սակայն, չի հանել հարցը:

Դավիթ Գրիգորյանը և Պավել Հարությունյանը, պատասխանելով Տիգրան Եգորյանի հարցին, ասել են, որ հունիսի 17-ին  Ռուբեն Հայրապետյանին չեն տեսել «Հարսնաքարում»:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 25-ին: Դատարանն անցնելու է փաստաթղթերի ուսումնասիրությանը և նոր միջնորդությունների քննարկմանը: 

Tekali Taxi