Home / Հայաստան / Հայաստանցուն մեղավոր են ճանաչել Odnoklassniki.ru-ում օգտատերերի էջերը գողանալու մեջ

Հայաստանցուն մեղավոր են ճանաչել Odnoklassniki.ru-ում օգտատերերի էջերը գողանալու մեջ

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար Ա.Մխոյանին առաջադրված մեղադրանքները: Այս մասին գրում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:

Ըստ դատավճռի` Ա.Մխոյանը 2012թ. փետրվարի սկզբներին սոցիալական կայքերի օգտատերերի մուտքանունների և ծածկագրերի ապօրինի ձեռքբերման կամ պատճենահանման համար պատրաստված համակարգչային ծրագրի օգտագործմամբ տիրացել է «Odnoklassniki.ru» կայքի մի քանի օգտատերերի անհատական էջերին:

Մասնավորապես, նա անվճար խաղային միավորներ «Ok» տրամադրելու վերաբերյալ առաջարկ պարունակող հղումն ուղարկում էր օգտատիրոջ անհատական էջին և առաջարկում էր կայքէջի համապատասխան հատվածում լրացնել անհատական էջ մուտք գործելու մուտքանունն ու ծածկագիրը: 

Օգտատերերը, գտնվելով մոլորության մեջ, իրենց էջերի տվյալները մուտքագրել են, որից հետո դրանք պատճենահանվել և անմիջապես փոխանցվել են Ա.Մխոյանի կողմից օգտագործվող ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող ծրագրային ֆայլին: Արդյունքում՝ Ա.Մխոյանն ապօրինի տիրացել է օգտատերերի անհատական էջերին՝ նրանց զրկելով իրենց էջերից օգտվելու հնարավորությունից:

Բացի դա, առանց թույլտվության՝ գաղտնագրի կռահմամբ, ներթափանցելով օգտատերերից մեկի անհատական էջ, փոխելով պաշտպանիչ տվյալները` տիրացել է օգտատիրոջ անհատական էջին: Այնուհետև այն վերադարձնելու համար օգտատիրոջից պահանջել և 2012թ. հուլիսի 13-ին նույն անհատական էջի միջոցով ստացել է հեռախոսի լիցքավորման քարտերի թվային տվյալներ:

Մխոյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ:

Դատարանը 2013թ. հունիսի 6-ի դատավճռով Մխոյանին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) և 256-րդ (Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը) հոդվածների 1-ին մասերով:

Tekali Taxi