2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ադրբեջանում «հայ-ալբանական» սկանդալ է հասունանում

Ադրբեջանական Օգուզ քաղաքում (նույնանուն շրջանի կենտրոն, որը մինչև 1991թ. կոչվում էր Վարդաշեն), վերջերս հայկական եկեղեցի են վերանորոգել: Ներկել են գրառումները, վերացրել են խաչերն ու այն ամենը, ինչը վկայում էր եկեղեցու հայկական լինելու մասին, և կախել են ցուցանակ, որի վրա գրված է «Ալբանական»: Սակայն եկեղեցու «վերակառուցումը» նախաձեռնողներին մեղադրել են հայկական շահերին ծառայելու մեջ, քանի որ շինությունը կառուցվել է 19-րդ դարում, իսկ «ալբանական հետքը» 9 դար հետ է տանում: Այսպիսով, ըստ ադրբեջանցի փորձագետների, եկեղեցու վերակառուցումը ցույց է տալիս, որ հայերը շատ դարեր ապրել են այդ տարածքներում, մինչդեռ «նրանք Իրանից և Թուրքիայից այդտեղ են տեղափոխվել 1828 թվականին»:

Ադրդբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության գործողությունների հետ կապված վրդովմունք է հայտնել Ազգային հետազոտությունների ասոցիացիայի ղեկավար Իդրիս Հեյդարլին:

«Օգուզ քաղաքում կա երկու եկեղեցի: 19-րդ դարի երկրորդ կեսին պատկանող երկու եկեղեցիներն էլ կառուցվել են Ադրբեջանի քրիստոնյա բնակչության համար: Դրանցից մեկը, որը վերագրվում է ուդիներին, ովքեր համարվում են հիմնական ադրբեջանական քրիստոնյա բնակչությունը, ռուսների կողմից կառուցվել է 1850 թվականին, իսկ մյուսը՝ Առաքելականը, հայերի համար կառուցվել է 1828 թվականից հետո, երբ սկսվել է Թուրքիայից և Իրանից նրանց վերաբնակեցումը մեր երկրում: Իսկ հիմա՝ վերանորոգումից հետո, այս Առաքելական եկեղեցին գրանցված է որպես ալբանական: Տարեթվեր և գրառումներ պարունակող բոլոր ցուցանակները ոչնչացվել են: Շինության պատին փակցված է ցուցանակ, որի վրա գրված է «Ալբանական եկեղեցի»: Իրական ամսաթիվը թաքցնելով՝ եկեղեցու տարիքը մեծացրել են: Արդյունքում ոչնչացվել են փաստեր, որոնք հերքում են հայերի պնդումները եկեղեցու 1000-ամյա տարիքի մասին, ու նաև այն մասին, որ իրենք Ադրբեջանում ապրել են հինավուրց ժամանակներից: Ստացվում է, որ Մշակույքի և տուրիզմի  նախարարությունը հայերի ջրաղացին ջուր է լցնում», - AzNews.az-ի հետ զրույցում ասել է ասոցիացիայի ղեկավարը:

Քննադատությանը պատասխանել է Մշակույթի և տուրիզմի  նախարարության հուշարձանների պահպանման բաժնի ղեկավար Արիֆ Ալիևը, ով ասել է, որ եկեղեցու մասին իր կարծիքը կարող է արտահայտել միայն խնդիրն ուսումնասիրելուց հետո. «Ձեռքիս տակ փաստաթղթեր չունենալով՝ ոչինչ ասել չեմ կարող: Բնականաբար, եթե եկեղեցու շենքը պատկանում է նշված ժամանակաշրջանին, ապա այն չի կարող լինել ալբանական եկեղեցի: Ձեր հայտարարություններից մեկը սխալ է. կամ դուք չգիտեք եկեղեցու կառուցման ճիշտ ամսաթիվը, կամ էլ այն ալբանական չէ: Վերջնական պատասխան տալուց առաջ ես պետք է ուսումնասիրեմ փաստաթղթերը: Եկեղեցու՝ հայկական կամ ալբանական պատկանելիությունը կարող է սահմանել Ճարտարապետության ու արվեստի ինստիտուտի մասնագետը: Ավելի կոնկրետ տեղեկությունների համար կարող եք դիմել նրանց»:

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա Արիֆ Ալիևի խոսքով՝ հուշարձանների ցուցակները որոշվել են 2001 թվականին: Ըստ այս ցուցակի, հնարավոր է, որ Առաքելական եկեղեցին վերածվել է ալբանականի. «Կան որոշ սխալներ: Հիմա մենք ճշտումներ ենք մտցնում»:

Խոսելով այն մասին, որ կառուցման տարևթիվը պարունակող գրառումները ջնջվել են եկեղեցու պատերի վրայից՝ նախարարության ներկայացուցիչն ասել է. «Եթե ինչ-որ բան ոչնչացվել է, ապա այդ հարցը վերաբերում է մեզ և առաջացնում է մեր անհանգստությունը: Այնպես որ, մենք կկարգավորենք այս խնդիրը»:

Սակայն Իդրիս Հեյդարլին անդրդվելի է: Նրա խոսքով՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերումից հետո առաքելական եկեղեցիները վերածվել են ալբանականի: «Մոտավորապես 1850 թվականին կառուցված եկեղեցին՝ սխալ քաղաքականության հետևանքով, վերանվանվել է ալբանականի: Սա Ադրբեջանի այս շրջանում կիրառվող մակերասյին քաղաքականության արդյունքն է, երբ հայկական եկեղեցու դեմ ուզում են հանդես գալ ալբանական տաճարով, իսկ հայկական եկեղեցու ժառանգությունը փոխանցել ուդիներին»:

Ադրբեջանի ճարտարապետության ու արվեստի ինստիտուտից AzNews.az-ին հայտնել են, որ նրանք ևս հանդիպել են հուշարձանների կառուցման ամսաթվերի մասին տվյալների ոչնչացման դեպքերի: Մինչդեռ նրանք պնդում են, որ դրանով զբաղվել են հայերը այն բանից հետո, երբ ալբանական եկեղեցին միացվեց հայկականին: