Home / Հայաստան / Հորը թույլ չտվեցին բողոքարկել բանակում ծեծի հետևանքով մահացած որդու գործով վճիռը

Հորը թույլ չտվեցին բողոքարկել բանակում ծեծի հետևանքով մահացած որդու գործով վճիռը

Վերաքննիչ դատարանը մերժել է հոր պահանջը՝ իրեն հնարավորություն տալ բողոքարկել մահացած որդու գործով վճիռը: Բանակում ծեծի ենթարկված, հոգեկան խեղում ստացած երիտասարդը մահվանից առաջ դատարանին խնդրել էր մեղմ պատիժ սահմանել մեղադրյալների նկատմամբ:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննել է ԼՂՀ Եղնիկներ զորամասում ծեծի ենթարկվելու հետևանքով վնասվածքներ ստացած հիվանդություն ձեռք բերած և դրա հետևանքով մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի (լուսանկարում) հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ներկայացուցչի բողոքը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ:

Սյունիքի դատարանը մերժել էր կողմի միջնորդությունը, որով պահանջվում էր անտեսել այն փաստը, որ տուժող կողմը բաց է թողել վճռի բողոքարկման ժամկետը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Մոնիկա Մարգարյանը բացատրել է, որ ժամկետը բաց թողնելը հիմքեր է ունեցել: Մասնավորապես, Մկրտչյանը, ծառայակիցների կողմից պարբերաբար և առանձին դաժանությամբ ենթարկվելով ծեծի, ստացել է մարմնական վնասվածքներ ու հոգեկան խեղում (համաձայն փորձաքննության՝ սուր պոլիմորֆ պսիխոտիկ խանգարում շիզոֆրենիայի ախտանիշներով), երկար ժամանակ բուժվել է ու հնարավորություն չի ունեցել ներկայանալ նիստերին: Առողջական վիճակի պատճառով ծառայությունից արձակվելուց մոտ մեկ տարի անց` 2012-ի նոյեմբերի 11-ին տղան մահացել է: Մարգարյանի խոսքով՝ առողջական նման վիճակի պատճառով նաև Ժորա Մկրտչյանը զրկված է եղել քրեական գործի հանգամանքները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, վերարտադրելու և դրանց մասին ճիշտ ցուցմունքներ տալու հնարավորությունից:

Սյունիքի դատարանը մերժել է վճիռը բողոքարկելու ժամկետը վերանայելու միջնորդությունը այն հիմքով, թե կողմը մեկ ամիս ունեցել է վճիռը բողոքարկելու համար և դա չի արել: Ծնողները նշում են, որ զբաղված են եղել որդու բուժմամբ և վճռից հետո օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չեն հասցրել դատարանից պահանջել վճռի պատճենը: Դրա հետևանքով ուժի մեջ է մնացել դատարանի այն վճիռը, որով Մկրտչյանին ծեծած Ալբերտ Առաքելյանի և Մովսես Բադալյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Դատարանը վճիռը կայացրել է հիմք ընդունելով այն, որ Ժորա Մկրտչյանը մահանալուց առաջ նամակ է գրել, թե խնդրում է դատարանին իր ներկա չլինելը նիստին հարգելի համարել և ամբաստանյալների նկատմամբ կիրառել «մեղմ պատիժ»՝ անտեսելով իր հոգեկան վիճակի մասին եզրակացությունը: Թե ինչ պատճառով է Մկրտչյանը նման նամակ գրել, հայտնի չէ: Նշենք, որ մահացածի հայրը այսօր էլ դատական նիստին ներկա չի եղել: 

Դատարանում Մոնիկա Մարգարյանը նշել է, որ դատարանը մեղադրյալների արարքը սխալ կերպ է մեկնաբանել և նրանց նկատմամբ սխալ պատիժ է կիրառել:

Փաստաբանն ասել է, որ նիստին չներկայանալն ու նամակ ուղարկելը նաև պայմանավորված է եղել նրանով, որ տուժողը բնակվել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկում, իսկ դատական նիստը կայացել է Սյունիքի մարզում, և ֆինանսական միջոցների սղության պատճառով տուժող կողմը հնարավորություն չի ունեցել դատի ներկայանալ:

Մկրտչյանը մահացել է Սյունիքի դատարանի վճռից մեկուկես ամիս անց, և, քանի որ գործը վարույթում չի եղել, այժմ հնարավոր չէ նրա շահերը ներկայացնելու համար իրավահաջորդ դարձնել հորը՝ Մկրտիչ Մկրտչյանին:

Սա, ըստ փաստաբանի, մեր երկրի օրենսդրության բացերից է, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պահանջում է, որպեսզի մարդու մահվանից հետո հարազատները արդարադատության հասնելու մեխանիզմներ ունենան:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Մոնիկա Մարգարյանի փաստարկները և մերժել է բողոքը:  

Լուսանկարը՝ hatuk.am

Tekali Taxi