Home / Հայաստան / Հայաստանի իշխանություններին կոչ են անում հակազդել ՌԴ-ին և շարունակել եվրաինտեգրումը

Հայաստանի իշխանություններին կոչ են անում հակազդել ՌԴ-ին և շարունակել եվրաինտեգրումը

Վերջին շրջանում գրանցված և Ադրբեջանին առնչվող երկու իրադարձությունները փոխկապակցված են և անդրադառնում են Հայաստանի շահերին ու Հարավային Կովկասի եվրաինտեգրման ընթացքին: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ, որում նշվում է, թե խոսքը գնում է  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարման և Ադրբեջանի Շահ Դենիզ-2 հանքավայրի շահագործման իրավունքը Trans-Adriatic Pipeline-ին  տրամադրելու մասին:

«ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դե յուրե դաշնակցի կողմից Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զինատեսակների այդպիսի մեծ ծավալների վաճառքը խիստ դատապարտելի արարք է, որն անհամատեղելի է ռազմավարական գործընկերության հետ: Մյուս կողմից՝ գտնում ենք, որ նման քայլը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների այսօրվա, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում վարած կրավորական, ազգային շահերից չբխող քաղաքականության պատճառով, ինչը հանգեցրել է  Հայաստանի ինքնիշխանության, սեփական տարածքների, պաշարամիջոցների, ռազմավարական կարողությունների հանդեպ  վերահսկողության սահմանափակման:

Համարելով, որ պաշտոնական Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս ուժգնացած ճնշումները՝ ռուսական գազի թանկացումից մինչև Ադրբեջանին զենքի մատակարարման գործարքը, կարող են, ի միջի այլոց, միտված լինել մեր երկրի եվրաինտեգրմանը խոչընդոտելուն, Հայաստանի դե ֆակտո իշխանություններից պահանջում ենք հետայսու պետական մակարդակով հակազդել նմանօրինակ ճնշումներին, որպեսզի դրանք հանրապետությանը չշեղեն եվրաինտեգրման ուղեգծից և չդանդաղեցնեն 2013-ի աշնանը Վիլնյուսյան գագաթաժողովում Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքմանն ուղղված աշխատանքները», – նշում է «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարության հեղինակները նշում են, որ Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: «Ժառանգությունն» ընգծում է, որ եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից «Սմերչ» համակարգի գործադրման հետևանքով, դրա պատասխանատվությունը կիսելու է մատակարարող երկիրը:    

«Անցյալ շաբաթ կատարվածը միայն ամրապնդեց «Ժառանգության» ծրագրային դրույթն ու համոզմունքը առ այն, որ մեր ապագան եվրոպական ժողովուրդների իրավահավասար և ժողովրդավար ընտանիքում է, իսկ Հայաստանը դեպի Եվրոպական Միություն առաջնորդել կարող է երկրի ընտրյալ և ոչ ինքնահռչակ իշխանությունը:

Սա ենթադրում է, իհարկե, որ նույն Եվրոպան հարգի իր սեփական արժեքները, Հայաստանի ինքնիշխանությունն ու ազգային շահը, Արցախի ազատությունն ու ամբողջականությունը, ինչպեսև հայ ժողովրդի ազատ ընտրության իրավունքը: Ցավոք` միշտ չէ, որ այդպես է», – եզրափակում է հայտարարությունը:

Լուսանկարը՝ orer.eu

Tekali Taxi