Home / Հայաստան / Մինչև պատերազմի վերսկսումը պետք է հիշել Սևրի պայմանագիրը, պնդում է Հայրիկյանը

Մինչև պատերազմի վերսկսումը պետք է հիշել Սևրի պայմանագիրը, պնդում է Հայրիկյանը

Պարույր Հայրիկյանը դժգոհ է Հայաստանի կողմից իրականացվող դիվանագիտությունից: Նա մի քանի ամիս անց պատերազմ է կանխատեսում:

Ադրբեջանից անընդհատ հնչող պատերազմի սպառնալիքները միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ Հայաստանի դիվանագիտությունը 20 տարվա ընթացքում Ադրբեջանի սպառնալիքներին միայն պատասխանել է, թե մեր երկիրը ինքնորոշման կողմնակից է, և հնարավոր է բանակցությունների միջոցով հաջողության հասնել:

Հայրիկյանի խոսքով՝ քանի դեռ ուշ չէ, պետք է կիրառել իր բանաձևը, որովհետև «մինչև պատերազմի սկիզբը դեռ մի քանի ամիս կա»: Նա հիշեցրել է, որ մի շարք պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ակտիվորեն զինում են Ադրբեջանին, ինչը պատերազմի լուրջ սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:

Բանախոսը նշել է, որ Հայաստանի երեք նախագահների տգիտությունն է պատճառը, որ Հայաստանի սահմանները որոշված են ըստ Ստալինի գծած քարտեզի, այլ ոչ թե ըստ իրավական ուժը չկորցրած Սևրի պայմանգրի: Համաձայն 1920 թվականի կնքած այդ պայմանագրի, Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները` Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:  

Այժմ ԱԻՄ առաջնորդը պնդում է, որ Հայաստանը պետք է հայտարարի, որ ներկայիս պետությունը ստեղծվել է իրեն պատկանող տարածքների ընդամենը մի մասի վրա, ինչը չանելը բանախոսը դիվանագիտական լուրջ ձախողում է համարել:

«Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված տարածքներ, և դրանք կորցրել է բոլշևիկյան օկուպացիայի հետևանքով: Սա էլ պետք է բանաձև դառնա», -հայտարարել է Հայրիկյանը: 

Tekali Taxi