Home / Հայաստան / Գարեգին Բ-ն Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականը չի պահանջել. Մայր Աթոռ

Գարեգին Բ-ն Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականը չի պահանջել. Մայր Աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երբևէ չի պահանջել Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականը: Սա Սրբազանի կայացրած անձնական որոշումն է, հայտարարել է Ս.Էջմիածնի ներկայացուցիչը:

Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանի (լուսանկարում) հրաժարականի պատճառը իր և կաթողիկոսի միջև տարաձայնություններն են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Տարակարծություններ աշխատանքի մեջ, բնական է, եղել են և կարող են լինել: Նորին Սրբության պահանջն է եղել Նորվան սրբազանից հետամուտ լինել թեմական խնդիրների ու հարցերի լուծմանը, դրանց վերաբերյալ կայացնել որոշումներ ու որևէ կերպ չառնչել Ամենայն հայոց կաթողիկոսի անձի հետ և պայմանավորել նրա որոշումներով», – ասել է նա:

Ավելի վաղ Nouvelles d'Arménie պարբերականը գրել էր, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդի որոշումն այլ պատճառների շարքում պայմանավորված է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած տարաձայնություններով՝ կապված Նիսի նախկին քահանա Տեր Վաչեի խնդրի հետ:

Տեր Վաչեին տեղափոխել են Ստրասբուրգ համայնքում առկա բողոքներից հետո, ինչպես նաև դատական գործում ներգրավված լինելու պատճառով:

Այս առնչությամբ Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, որ Ֆրանսիա կատարած վերջին այցից առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը տեղեկացավ, որ հակառակ իր հանձնարարականի, որով որևէ թեմում ծառայության կոչված եկեղեցականի և նրա ընտանիքի համար պետք է ապահովվեն արժանապատիվ կյանքի պայմաններ, տեր Վաչե քահանա Հայրապետյանը հայտնի զարգացումների հետևանքով Նիսից Ստրասբուրգ հովվության փոխադրվելուց ի վեր 2.5 տարի 2011 թ. փետրվարից սկսյած որևէ աշխատավարձ չի ստացել (ինչպես Սփյուռքի թեմերում սպասավորող հոգևորականների պարագային է) և ստիպված է եղել իր ընտանիքի ապրուստը վաստակել պահակությամբ ավտոկանգառում:

«Նորվան սրբազանը հայտնել է, որ տեղյակ չի եղել այդ իրողությունից, որովհետև եկեղեցական վարչությունը պետք է հոգար այդ խնդիրը: Հարցը քանիցս բարձրաձայնելուց հետո Նորին Սրբությունը Հայաստան վերադարձից առաջ խստորեն պահանջել է թեմակալ առաջնորդից անհապաղ ձեռնամուխ լինել խնդրի կարգավորմանը մինչև հուլիսի 1-ը: Տեղեկացնեմ, որ Ամենայն հայոց կաթողիկոսը երբևէ չի պահանջել Նորվան սրբազանի հրաժարականը: Սա Սրբազանի կայացրած անձնական որոշումն է: Ընդհակառակը, մեկ տարի առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը, ընդառաջ թեմական-պատգամավորական ժողովի ցանկության, գնահատելով Նորվան սրբազանի ծառայությունը, վերահաստատեց նրան առաջնորդական իր հանգամանքի մեջ», – եզրափակել է Մայր Աթոռի ներկայացուցիչը: 

Tekali Taxi