Երևանում ադրբեջանցի ռեժիսորի ֆիլմը կբոյկոտեին, եթե նման հրաման լիներ. Գեորգի Վանյան
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ադրբեջանցի ռեժիսորի ֆիլմ է ցուցադրվել, սակայն փառատոնի կազմակերպիչները կոչ են անում չհամեմատել այն ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հետ, որի դեմ նախորդ տարիներին մի խումբ մարդիկ էին պայքարում:
«Ոսկե Ծիրան» միջազգային 10-րդ փառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում մասնակցում է ազգությամբ ադրբեջանցի ռեժիսոր Էլմար Իմանովի (լուսանկարում) «Դագաղագործի ճոճանակը» ֆիլմը:
Կինոնկարը Ադրբեջանում՝ մի ամայի վայրում ապրող հոր և որդու մասին է: Մտավոր հետամնաց և շարժունակության խնդիրներ ունեցող որդին օգնում է հյուսն հորը աշխատելիս: Նա զբաղվում է վրացիների ու ռուսների համար դագաղներ պատրաստելով: Ռեժիսորը մասնակցել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի նկարահանումներին, 2008-ին սովորել է Բաքվի Էհրամ TV-ում:
Ֆիլմը մրցութային ծրագրում ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում և որևէ խնդիրների կամ բողոքների առիթ չի տվել: Հիշեցնենք, որ 2010 և 2012 թվականներին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները Հայաստանում լուրջ խնդիրների էին բախվել. նրանց վրա հարձակվել էին՝ խոչընդոտելով ֆիլմերի ցուցադրությունը:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մամուլի պատասխանատու Անահիտ Օրդյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցի ռեժիսորի ֆիլմին, ասել է, որ չի ցանկանում, որպեսզի որևէ զուգահեռներ անցկացվեն ադրբեջանական ֆիլմերի փառատոնի և «Ոսկե Ծիրան»-ի միջև:
Ըստ Օրդյանի՝ առաջին բանը, որ Իմանովի ֆիլմի մասին խոսելիս պետք է նկատել, այն է, որ ֆիլմը, թեև նկարահանվել է ադրբեջանցու կողմից, ներկայացնում է Գերմանիան:
«Ֆիլմը գերմանական է, եթե դուք բացեք ծրագիր, չեք տեսնի, որ «Ոսկե Ծիրան»-ին մասնակցում է ադրեբջանական ֆիլմ: Գուցե ռեժիսորի ազգանունն ադրբեջանական է», - ասել է Օրդյանը:
Մեր այն հարցին, թե ինչու Էլմար Իմանովը չի հրավիրվել Հայաստան՝ իր ֆիլմը ներկայացնելու՝ Օրդյանը պատասխանել է. «Ոչ բոլոր մասնակից ֆիլմերի ռեժիսորներն են եկել, Իմանովը ևս չի եկել, բայց դա կապ չունի նրա ազգության հետ: Մենք կրոնական, քաղաքական հայացքների կամ որևէ այլ հիմքով խտրականություն չենք դնում»:
Այն, որ Իմանովի ֆիլմի ցուցադրումը «Ոսկե Ծիրանի» դեմ «հանրային ընդվզման» առիթ չի դարձել, շատ պարզ պատճառ ունի, Epress.am-ի հետ զրույցում ասել է ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, իրավապաշտպան Գեորգի Վանյանը: Վերջինիս խոսքով՝ պարզապես «հանրային ընդվզում» անելու հրաման չի եղել:
«Մենք արդեն անցել ենք պատվերի ժամանակաշրջանը: Մենք ապրում ենք հրամանների ժամանակաշրջանում, ընդվզում չի լինում, եթե հրաման չկա»,- ասել է Վանյանը: Ըստ նրա՝ իր նկատմամբ ևս հակաքարոզչությունը հրամանով է դադարեցվել այն բանից հետո, երբ Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես հայտարարել է իր պաշտպանությունը ստանձնելու մասին:
Իրավապաշտպանը, այնուհանդերձ, ուրախ է, որ «Ոսկե Ծիրան»-ը խնդիր չի ունեցել և ցուցադրել է ֆիլմը, թեկուզ քիչ թվով մարդիկ են տեսել մի ֆիլմ, «որը մի հատված է ցույց տալիս ադրբեջանական կյանքից»: Վանյանը, սակայն, նկատել է, որ ֆիլմը ցույց տալուց հետո չպետք է արդարացնել այն գերմանական լինելով, պետք է հաղթահարել վախը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնն անցկացնելու առաջին փորձն արվել է 2010 թվականին Երևանում: Ապա փորձերը կրկնվել են Գյումրիում և Վանաձորում:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը (Ասպարեզը համաձայնել էր դահլիճ տրամադրել Գեորգի Վանյանին) Facebook-այն գրառմամբ նույնպես արձագանքել է «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ադրբեջանական ռեժիսորի ֆիլմի ցուցադրությանը:
«Ձեն հանեք տղերք և ... աղջկերք: Ոսկե ծիրանը փառատոն չէ՞, թե՞ էնքան հայտնի չէ, որքան Ասպարեզ ակումբը, ՀՔԱՎ գրասենյակը, ես ու Արթուրն ենք հայտնի, էդքան չկա՞ Ոսկե ծիրանը: Թե՞ ատամներդ ցավում է, բերաններդ էլ ուռել է: Ելնեիք մի-մի բոցաշունչ ելույթ ունենայիք, ելնեիք հեռուստաբանավեճի կանչեիք փառատոնի կազմակերպիչներին ու հեռուստաեթերում փորձեիք անցնել-դառնալ վրեքով, ցույցեր անեիք արտոնված ու չարտոնված, գնայիք կազմակերպչին զարկող մի քանի ազատամարդիկ գտնեիք, տանեիք թող չափալախեին այդ ազգադավներին, հետո ձվերով լղեին վրագլոխները, հետո, երբ կասեին, թե ադրբեջանական ֆիլմ չի ցուցադրվելու, ասեիք, կապ չունի՝ եկել հասել ենք ստեղ՝ մի բան պտի անենք, քարով զարկեիք Կինոթատրոնի շուշեքը ջարդեիք, ու մի քանի հոգու ոտուձեռ վնասեիք, որ հասկանայինք, թե պրինչիպի տղա եք, տղամարդ տղեք եք, հարգեինք, պատիվ էլ տայինք: Գուցե հրամա՞ն չունեիք «հայրենասիրության», բայց ճիշտն ասած, պիտի կռահեիք, որ խայտառակ եք լինելու մի օր կանաչ, մի օր կապուտ լինելուց, նախաձեռնող ու նախահարձակ պիտի լինեիք, ոչինչ թող հետո վերից զանգեին ասեին՝ է՞ս ի~նչ պատմություն սարքեցիք, ո՞վ էր ձեզ նման բան հանձնարարել, որ խափանում եք փառատոնը, ասեիք՝ բայց, եթե չանենք, հայ ժողովուրդը մեզ սխալ կհասկանար, հետո, եթե վախեցնեին ձեզ վերից, ասեիք` գնա, քու տիրոջ մերն էլ ընտեղ, հայրենիքը հենց ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունից է մահանում...»,- մասնավորապես, գրել է Լևոն Բարսեղյանը:
Լուսանկարը՝ mediaforum.az