Home / Հայաստան / Պռոշյանի գյուղապետ ընտրվեց ՀՀԿ-ականը. նրան մեղադրում են ընտրակաշառք տալու մեջ

Պռոշյանի գյուղապետ ընտրվեց ՀՀԿ-ականը. նրան մեղադրում են ընտրակաշառք տալու մեջ

Պռոշյան գյուղի ընտրություններում ՀՅԴ-ական թեկնածուն մեղադրել է հանրապետականներին կաշառք բաժանելու մեջ:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում երեկ կայացած արտահերթ ընտրություններում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, գրում է henaran.am: Մուրադյանը հավաքել է 1310 ձայն, ՀՅԴ-ական Վովա Սահակյանը՝ 1240, իսկ անկախ թեկնածու Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն: Անվավեր է ճանաչվել 72 քվեաթերթիկ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում պաշտոնական արդյունքներն առայժմ տեղադրված չեն:

Պռոշյանում արտահերթ ընտրություններ նշանակվել են այն բանից հետո, երբ ապրիլի 2-ին սպանվել էր ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Նախորդ ընտրություններին նա պարտության էր մատնել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին, ով էլ այս անգամ գյուղապետ է ընտրվել:

Երեկ՝ օրվա ընթացքում, ՀՅԴ-ական Վովա Սահակյանի շտաբն ահազանգել է խախտումների մասին: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, շտաբից հայտնել են, որ եղել են ընտրակաշառքի և ընտրողներին ուղղորդելու դեպքեր:

«Կեղծիքներով է, երեկ արդեն փողը բաժանել են, մենք գիտենք, որ բաժանել են, գիշերը ժամը 12-ից 1-ը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբայրը՝ Իսրայել Մուրադյանը:

Նա նշել է, որ իրենք փորձել են գնալ այդ հետքերով, սակայն բնակիչները ոչինչ չեն ասել։

«Որքան որ հորդորեցինք, որ ընտրությունները գնան բնականոն հունով, որովհետև վերջիվերջո շարքային սովորական ընտրություն չէր, դավադրաբար սպանվել էր գյուղապետը, բայց ոչ բոլորն ականջալուր եղան, և իշխանական թևից փորձեցին ամեն գնով ապահովել հանրապետականացումը մեր երկրում, որ բոլորը՝ շարքայինից մինչև վերադաս պարտադիր պիտի հանրապետականի նշանով լինեն»,- հայտարարել է գյուղապետի թեկնածու Վովա Սահակյանը:

Նա նշել է, որ, շտաբի ունեցած տեղեկություններով, ձայնի համար 10 հազար դրամ են տվել, հիմնականում բաժանվել է կանանց և անչափահաս երեխաների միջոցով և այն տեղական հիմնարկ ձեռնարկությունների միջոցով, որոնցից մարդիկ կախում ունեն։

«Բացահայտ ահաբեկել են, մարզպետի ցուցումով և այլոց ցուցումով, և օլիգարխիկ այն կառույցների, որոնք չգիտեմ ինչ շահեր ունեն Պռոշյանում, բայց մտածում են, որ սա իրենց «հոր բոստանն է»»,- ասել է Սահակյանը։

Հանրապետական Արթուր Մուրադյանի շտաբը հերքել է այդ հայտարարությունները։ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրությունը որակել է շատ նորմալ, իսկ նրա շտաբի ներկայացուցիչ Արմենուհի Մելիքյանը, ով հիշեցնենք, ավելի վաղ գյուղապետի պաշտոնակատար էր նշանակվել, բայց գյուղապետարանի դաշնակցական կազմը այդպես էլ թույլ չէր տվել նրան ստանձնել պարտականությունները, դատապարտել է «չփաստարկված հայտարարությունները»։ 

«Ինչի մասին է խոսքը, եթե կան նման բաներ, թող բերեն ապացուցեն։ Մենք էլ կարող ենք շատ բան ասել, ասել շատ բան կարելի է, բայց դա չի նշանակում, որ դա համապատասխանում է իրականությանը»,- ասել է նա:      

Լուսանկարը՝ Yerkirmedia.am                       

Tekali Taxi