Home / Հայաստան / ՀՀ մաքսակետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը կգործի

ՀՀ մաքսակետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը կգործի

Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություն է ստորագրել Հայաստանի պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը սկսելու մասին:

Ինչպես ասված է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի կողմից տարածված հաղորդագության մեջ, դա արվում է պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների հիմնման, սահմանային անվտանգության գործում ներգրավված պետական մարմինների գործողությունների օպտիմալացման և վերջիններիս փոխգործակցության ապահովման, ինչպես նաև միջազգային առևտրի խթանման անհրաժեշտությունից ելնելով:

Նշենք, որ դեռևս անցյալ շաբաթ ՊԵԿ աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր, որ պատրաստվում է արդեն կարգադրություն ստորագրել մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու նպատակով:

«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում: Ես կարծում եմ, որ նոր հսկիչ անցագրային կետերի կառուցման հետ միասին, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլևս որևէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ անցագրային կետերը և՛ իրենց տեսքով, և՛ բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին», – հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Վերջինս այսօր հրահանգել է ՀՀ կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում դիմել միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ընթացակարգերի ներդաշնակեցման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, ինչպես նաև միջազգային մասնագիտացված կազմակերպությունների առաջարկությունները ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի նախագիծը՝ Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին հրահանգվել է նախագիծը ստանալուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի նախագծի համաձայնեցումը շահագրգիռ մարմինների հետ և ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը:

Tekali Taxi