Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձևավորվել է որպես հայության և Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն համակցված ու տուրբուլենտ արդի աշխարհի պայմաններում և Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետևանքով այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում և հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից Հայաստանի նորգաղութային կախյալության բարդ և բազմապիսի ձևաչափի: Այս մասին ասված է «Նախախորհրդարան» նախաձեռնության այսօր տարածած հայտարարության մեջ:
Նախաձեռնության անդամները նշում են, որ Ռուսաստանը տարբեր հարթություններում ստանձնել է հիմնական կատարողի, միջնորդի կամ գործակցի դեր, իսկ հայաստանյան ապազգային ու ապապետական վարչախումբը, որն այս իրավիճակի գլխավոր մեղավորն է, վերածվել է այդ ձևաչափն սպասարկող գործիքի:
«Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը՝ որպես լուծում ընտրելով Հայաստանին իսպառ ընկճելու և որևէ այլընտրանքից զրկելու ճանապարհը: Այդ նպատակով Ռուսաստանը կազմակերպում է հայաստանաբնակ հայության արտագաղթ դեպի իր տարածք, կիրառում է քաղաքական, տնտեսական, մշակութային և տեղեկութային ճնշման կոշտ լծակներ, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն: Երևույթի առավել ցցուն օրինակ է վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առիթով կազմակերպված՝ հայության ազգային ու հայի մարդկային արժանապատվությունը ոտնահարող և երկու ժողովուրդների միջև ատելություն բորբոքող տեղեկութային հատուկ գործողությունը», – նշում են հայտարարության հեղինակները:
«Նախախորհրդարանն» ուշագրավ է համարում այն, որ հայաստանյան խամաճիկային վարչախումբը մի կողմից ապահովում է Հայաստանում Ռուսաստանի և մյուս ուժային կենտրոնների նորգաղութային ծրագրերի կատարումը, իսկ մյուս կողմից՝ դժբախտության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացու նկատմամբ իր պարտականությունները կատարելու փոխարեն չի հապաղում Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարախաղացություն անելու առիթը հերթական անգամ օգտագործել իր կառավարումը երկարաձգելու նպատակով:
«Այս անգամ նա անուղղակի ձևերով և էժանագին մեթոդներով հակառուսական տրամադրություններ է գրգռում, ինչից մեր ազգային շահերի հաշվին օգտվում են երրորդ կողմերը:
Մինչդեռ հայության և Հայաստանի կենսական շահերը պահանջում են հավասարապես զերծ մնալ հիվանդագին ու վնասաբեր ռուսամոլությունից կամ ռուսատյացությունից, որդեգրել հայակենտրոն ու հայաստանակենտրոն քաղաքականություն, ստեղծել նոր որակի, իրապես ինքնիշխան ազգային պետություն և դրա միջոցով դուրս գալ նորգաղութային կախյալությունից ու տարածաշրջանում ձևավորել գործակցային միջավայր:
Առաջիկայում ստեղծվելիք ինքնիշխան հայկական պետության համար Ռուսաստանի հետ հարաբերություններն իրապես ունենալու են ռազմավարական նշանակություն: Սակայն բոլոր դեպքերում հարկ է նկատի ունենալ, որ պատմության շրջադարձային պահերին կայունությունը կորցնող աշխարհում մյուս դերակատարների համեմատությամբ Ռուսաստանի տուրբուլենտությունը շատ ավելի մեծ ու անկանխատեսելի է լինում: Ուստի Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի շրջադարձային զարգացումների և այլընտրանքային լուծումների», – եզրափակում են հայտարարության հեղինակները:
Լուսանկարում՝ «Նախախորհրդարանի» անդամները հանրահավաքի ժամանակ