Home / Տեսանյութեր / «Նաիրիտի» աշխատակիցներին երկու ասմվա աշխատավարձ խոստացան. նրանք դժգոհ են (ՎԻԴԵՈ, թարմացված)

«Նաիրիտի» աշխատակիցներին երկու ասմվա աշխատավարձ խոստացան. նրանք դժգոհ են (ՎԻԴԵՈ, թարմացված)

11:40 ՀՀ նախագահի նստավայրում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին խոստացել են մեկ ամսվա աշխատավարձ վճարել մինչև հուլիսի վերջ, ևս մեկ ամսվա աշխատավարձը՝ մինչև օգոստոսի վերջ:

«Էդքանից ավել ոչ մի բան չեն խոստանում, իրականությունը էս ա», – դուրս գալով նստավայրից՝ մի քանի տասնյակ բողոքող մարդկանց ասել է գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: Վերջինիս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել «Նաիրիտի» աշխատողների շրջանում, նրանցից ոմանք մեղադրել են Թադևոսյանին, սակայն մի քանի այլ աշխատողներ կրքերը հանգստացրել են, ինչպես իրենք են նշում, պայքարի մասնակիցների մոտ պառակտումը կանխելու համար: Բողոքողները խիստ դժգոհ են մնացել նախագահականում տրված խոստումից՝ ընդգծելով, որ իրենց 11 ամվա աշխատավարձ են պարտք:

Նրանք ասել են, որ էներգետիկայի նախարարը հուլիսի 10-ին խոստացել էր, որ մինչև հուլիսի 20-ը կվճարեն մեկ ամսվա աշխատավարձը, սակայն դա տեղի չի ունեցել:

Ակցիայի մասնակիցները դժգոհել են նաև իրենց ընդունման ձևաչափից, քանի որ նախագահ Սարգսյանը արձակուրդում է, նրա աշխատակազմի ղեկավարը՝ «զբաղված է դեսպանների հետ», «Նարիրտի» աշխատողներին ընդունել է վերահսկողության ծառայության պետի տեղակալը:

Այս պահին «Նաիրիտի» աշխատողները քննարկում են հետագա անելիքները: Նրանց մի մասը առաջարկում է անժամկետ նստացույց անել գործարանի դիմաց, մյուս մասը՝ գնալ  Կառավարության շենքի դիմաց և վարչապետի հետ հանդիպում պահանջել:

09:00 Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, բողոքի ակցիա են անցկացնում «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցները: Նրանք դարձյալ պահանջում են իրենց չվճարված 11 ամսվա աշխատավարձը: Քիչ առաջ բողոքողների պատվիրակությունը մտել է նախագահական` բանակցելու համար:

«Նաիրիտի» աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում նախագահի նստավայրի մոտ: Յուրաքանչյուր ակցիայից հետո նրանց վճարում են մեկ կամ երկու ամսվա աշխատավարձը, սակայն հիմնական պարտքերը չեն մարում: Աշխատակիցներն այսօր էլ նշել են, որ աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներից հետո:

Նշենք, որ վերջին ամիսներին «Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ՀՀ կառավարությունը բանակցում էր ռուսաստանյան «Ռոսնեֆտ»-ի հետ: Մամուլում տարածված տեղեկությունների համարձայն` հուլիսին բանակցությունները որոշ ժամանակով դադարեցվել են, քանի ռուսաստանյան ընկերությունը ցանկանում է գործարանը ձեռք բերել արդեն մարված պարտքերով:

Tekali Taxi