Եթե ԽՍՀՄ չկա, ուրեմն Լենինականը Ռուսաստանում է. ֆրանսիացի չինովնիկը խնդրում էր իրեն չսովորեցնել
Ֆրանսիայի քաղաքացի և Lb.ua կայքի մեկնաբան Շառլ Քեշքեքյանը կիսվել է պատմությամբ, թե ինչ բարդությունների է հանդիպել Հայաստանից զոքանչին հրավիրելու մասին փաստաթղթեր ներկայացնելիս:
- Զոքանչիս մեզ մոտ՝ Նիս քաղաք բերելու համար անհրաժեշտ բազմաթիվ փաստաթղթեր հավաքելուց հետո, ես ներկայացա պետական ծառայության աշխատակցի մոտ, որը պետք է գրանցեր իմ դիմումը:
Կնոջս մայրը, ով ծնվել է Հայաստանի հյուսիսում գտնվող խորհրդային Լենինական քաղաքում, այժմ՝ Գյումրի, լույս աշխարհ է եկել Ստալինի իշխանության օրոք: Մինչ այդ լրացրածս ձևաթուղթն ուսումնասիրելով՝ զրուցակիցս լուրջ տեսքով ինձ հայտնեց.
- Պարոն, ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի: Պետք է նշեիք՝ «Ռուսաստան»:
- Ներեցեք, բայց անգամ Խորհրդային ժամանակներում Լենինականը գտնվում էր Հայաստանում:
- Բայց ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի,- կրկնեց նա: - Հիմա դա Ռուսաստանն է, դուք չէ, որ պետք է ինձ սովորեցնեք»,- բորբոքված ավելացրեց նա:
- Պարոն, ԽՍՀՄ-ը բաղկացած էր 15 պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Հանրապետությունն ու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:
- Ահա, ինքներդ եք ասում՝ «խորհրդային»: Նշանակում է՝ այժմ դա Ռուսաստանն է:
Երբ ես զրույցն արդեն ավարտված էի համարում, իմ փայլուն ռազմավար-զրուցակիցն ինձ հզոր ապերկոտ հասցրեց. «Կարո՞ղ է նաև ասեք, որ Լենինը հայ էր»:
Կարծում եմ, որ այս մտավոր ողբերգության մեջ իմ բախտն անգամ բերել է: Իսկապես, ինչպիսի՞ն կլիներ այս դիվանագիտական ջենթլմենի արձագանքը, եթե զոքանչս Լեռնային Ղարաբաղում ապրելիս լիներ կամ մոլդովացի՝ Մերձդնեստրից:
Միամտորեն հավատալով, որ Լուսավորության ժամանակաշրջանի Ֆրանսիան դա իսպապես հավերժ ու համընդհանուր երևույթ էր, ես դիմեցի ծայրահեղ համեմատության.
- Եթե Եվրոպական Միությունը փլուզվեր, դուք կասեիք, որ Սլովենիան՝ դա Ֆրա՞նսիան է:
- Ոչ: Սլովենիան Սլովենիան է: Բավական է, ես այս ամենի ժամանակը չունեմ:
Այս կոպիտ պոռթկումից հետո, ինչը բնորոշ չէ պետական պաշտոնյայի՝ ֆրանսիայի քաղաքացու հետ շփմանը, զրուցակիցս ինձ այլևս ոչ մի խոսք չասաց ու անգամ չպատասխանեց իմ «ցտեսությանը»: Ես շատ հեռուն գնացի: Այն, որ ես հրաժարվեցի փոքրիկ Հայաստանը ճանաչել որպես Ռուսաստանի մի մաս, չափազանց բարդացրեց նրա աշխարհայացքը:
Հ.Գ. Տարբեր ուղևորությունների ժամանակ հնարավորություն ունենալով շփվել ԽՍՀՄ տարբեր երկների պաշտոնյաների հետ՝ ես հիանալի գիտեմ, որ ֆրանսիացի պաշտոնյաները անհամեմատ ավելի հաճելի և աշխատասեր են, քան, ասենք, նրանց ռուսաստանցի գործընկերները: Այո, Ֆրանսիան հիանալի երկիր է, և դրանից երեք օր անց ինձ տեղեկացրին, որ զոքանչիս հրավիրելու մասին իմ փաստաթղթերը բարեհաջող ընդունել են: