Home / Հայաստան / Ակտիվիստին բերման են ենթարկվել. պատճառը չեն հայտնում

Ակտիվիստին բերման են ենթարկվել. պատճառը չեն հայտնում

Այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանները բերման են ենթարկել նստացույց անցկացնող ակտիվիստներին աջակցող Միհրան Մելքոնյանին: Նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ Մելքոնյանին բերման են ենթարկել հարակից այգու զուգարանի մոտից: Ակտիվիստների տեղեկություններով՝ Մելքոնյանի բերման ենթարկվելը կապված չէ իրենց ակցիայի հետ:

Ակտիվիստները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից էլ առայժմ չեն կարողացել ճշտել երիտասարդին բերման ենթարկելու պատճառը:

Քաղաքապետարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանն ասել է լրագրողներին, որ Մելքոնյանին կասկածում են հանցագործություն կատարելու մեջ: Այլ մանրամասներ նա չի հայտնել՝ նշելով, որ շուտով ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը  համապատասխան տեղեկատվություն կտեղադրի կայքում:

Հիշեցնենք, որ մի խումբ ակտիվիստներ հուլիսի 26-ից նստացուցյ են անցկացնում Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Ըստ ակտիվիստների՝ հուլիսի կեսերին ուղեվարձի թանկացման դեմ ակցիաների ընթացքում վերոնշյալ անձինք խոչընդոտել են ցուցարարների գործողությունները, ինչպես նաև «ակցիաների խափանման գործում աչքի են ընկել քրեական տարրերին բնորոշ գործելաոճով»:  

Tekali Taxi