Home / Հայաստան / ԼՂՀ նախագահին Երևանից նամակ կուղարկեն. պահանջում են չհետապնդել դպրոցի տնօրենին

ԼՂՀ նախագահին Երևանից նամակ կուղարկեն. պահանջում են չհետապնդել դպրոցի տնօրենին

Երևանում մի շարք արվեստագետներ ստորագրահավաք են անցկացնում՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի նպատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ստորագրահավաքի նախաձեռնողներից մեկը՝ լուսանկարիչ Գերման Ավագյանը: Նամակը Բակո Սահակյանին կուղարկվի երկուշաբթի օրը:

«Գոռ Մանուկյանը մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու, վարձավճարները յուրացնելու մեջ, ինչը խաթարում է դպրոցի լիարժեք գործունեությունը և, մեր խորին համոզմամբ, չի կարող համապատասխանել իրականությանը: Մեզանից շատերն անձամբ են ճանաչում Գոռ Մանուկյանին, գիտեն նրա նվիրյալ աշխատանքի, բարոյականության և ազնվության մասին: Պարոն նախագահ, արդարության հաղթանակի ակնկալիքով, խնդրում ենք Ձեզ միջամտել Քաշաթաղի իրավապահ մարմինների կողմից Գոռ Մանուկյանի դեմ իրականացվող հալածանքների խնդրին և օգնել, որպեսզի Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի նորմալ, խաղաղ գործունեությունը շարունակվի»,- մասնավորապես, նշում են նամակի հեղինակները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Lragir.am-ը զրուցել էր Գոռ Մանուկյանի հետ, ով համոզմունք էր հայտնել, որ  քրեական գործը հետանդում է և փորձ ստիպելու իրեն հեռանալ դպրոցի տնօրենի պաշտոնից, քանի որ 2010 թվականից այդպես է ցանկանում Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ով նախկինում Քաշաթաղի շրջանի ոստիկանապետն է եղել:

«2010 թվականին Սուրեն Խաչատրյանն ինձ ասաց` դիմում գրի, դուրս արի: Ես հարցրեցի` վա՞տ եմ աշխատում, վատ աշխատո՞ղ եմ, ինչո՞ւ դիմում գրեմ: Ասաց` ես քեզ ասում եմ` դիմում գրի, դուրս արի, թե չէ քո համար ավելի վատ է լինելու: Դրանից հետո խիստ նկատողություն է տվել ինձ` փորձելով դա հեռացման հիմք հանդիսացնել: Սակայն դա չստացվեց, քանի որ հասարակական հնչեղություն ստացավ: Համոզված եմ, որ սա հետապնդում է Սուրեն Խաչատրյանի կողմից, տարբեր տարիների տարբեր մարմիններ ստուգումներ են կատարել դպրոցում, ոչ մի խախտում չեն հայտնաբերել»,- ասել է դպրոցի տնօրենը: 

Լուսանկարը՝ Lragir.am

Tekali Taxi