Home / Հայաստան / Կանայք ոստիկանների դեմ. Տիգրան Խզմալյանը՝ բողոքի ակցիայի մասին

Կանայք ոստիկանների դեմ. Տիգրան Խզմալյանը՝ բողոքի ակցիայի մասին

Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցողը մանրակերտ է, որը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում հանրապետությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է կինոռեժիսոր, «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը, ով երեկվա բողոքի ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել ոստիկանություն:  

Խզմալյանի խոսքով՝ այս մասին արդեն իսկ վկայում է այն փաստը, որ «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում այսօրվա քննարկմանը, թեև հրավիրված էին ներկայացուցիչներ քաղաքապետարանից և ՄԻՊ գրասենյակից, եկել են միայն ինքը և առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Տիգրան Խզմալյանը նախ խոսել է ակցիայի վայրում կանանց և տղամարդկանց համամասնությունից. նա նկատել է, որ շինարարության դեմ պայքարում են Կոմիտասի 5-ի հարակից շենքերի կանայք, իսկ որոշ տղամարդիկ միայն երեկոյան իջնում, հարցնում են՝ ինչ ստացվեց: Այդ պայքարում տղամարդիկ ոստիկաններն են:

«Կոմիտասի 5-ում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ռեժիմը ճաք է տվել, և դրա մասին է վկայում նաև այն, որ, չհաշված մի քանի տականքների, ոստիկանները իրենց կոռեկտ են պահում, որոշները նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշում են ցուցադրում, որոնց անուններն իրենց անվտանգության համար չեմ հրապարակում»,- ասել է Խզմալյանը:

Նա, այնուամենայնիվ, նկատել է, որ  Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը սադրիչ և ցինիկ կերպով է իրեն պահել, իսկ մի ոստիկան նաև անպարկեշտ արտահայտություններ է արել մի օրիորդի դեմ:

«Քաղաքապետարանից չեն գալիս այստեղ, ուղարկում են ոստիկաններին, որոնք  իրենց զգում են շներ: Այստեղ գալիս են քաղաքացիական ուժերը, որոնք սատարում են բնակիչներին: Եվ այդ կանայք 15 օրում քաղաքացիության լուրջ համալսարան են անցնում»,- ասել է Խզմալյանը:

Tekali Taxi