2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ինչո՞ւ են մարդիկ զանգվածաբար լքում Հայաստանը. հայացք Ռուսաստանից

Ռուսական «Ռոսբալտ» կայքի թղթակից Իրինա Ջորբենաձեն այցելել է Հայաստան ու փորձել պարզել՝ ուր և ինչու են հայերը զանգվածաբար մեկնում:

-  Երևանում մտածում են դադարեցնել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագիրը, որպեսզի կասեցնել բնակչության արտահոսքը: Բայց հայերը միայն Ռուսաստան չեն մեկնում, նրանք սկսել են ուսումնասիրել նաև Վրաստանի գործարար միջավայրը:

Հայաստան այցելողներին գրավում է փողոցների մաքրությունը, հանգստությունը, ռուսաստանյան չափանիշներով էժան ու հարմարավետ անթիվ սրճարանները, լավ սպասարկումը, յուրօրինակ ու որակյալ արտադրանքներով հուշանվերների ու ոսկերչական իրերի խանութները, հուշարձաններն ու տեղի բնակիչների սիրալիրությունը: Բայց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանում դժվար է ապրել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը հետխորհրդային տարածքում տնտեսական աճի ցուցանիշներով առաջատար է համարվում: Հայաստանում գյուղատնտեսության աճը անցած տարի կազմել է 9,5%, իսկ արդյունաբերության աճը՝ շուրջ 15%: Բայց, ինչպես հաճախ պատահում է, պաշտոնական վիճակագրությունը բնակչության կյանքի որակի հետ կապ չունի: Գործազրկության մակարդակը բարձր է, միջին աշխատավարձը մոտ $350 է, թոշակը՝ մոտ $70: Հաջորդ տարի սպասվում է նվազագույն աշխատավարձի ու թոշակի բարձրացում 30%-ով, սակայն, բնական գազի, ապրանքների ու ծառայությունների գների թանկացման համատեքստում, դա կաթիլ է ծովում:

Հայերը բողոքում են, որ հասարակությունը ծայրահեղ բևեռացված է. միջին խավը գրեթե բացակայում է, կան հարուստներ ու աղքատներ: Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին այսօր սննդի վրա ծախսում է ընտանեկան բյուջեի 50%-ը, մնացածը, հիմնականում, ծախսվում է կոմունալ ծառայությունների վրա: Միայն այս տարի Հայաստանում մթերքի գինը թանկացել է միջինը 10%-ով, բնակվարձինն ու էլեկտրաէներգիայինը՝ ավելի քան 12%-ով, իսկ բժշկական ծառայությունների ու դեղերի գինը՝ գրեթե 13%-ով: «Գները հասել են եվրոպականներին, իսկ որոշ ապրանքներ ու ծառայություններ մեզ մոտ անգամ ավելի թանկ են»,- բողոքում են հայերը:

Ու հեռանում են: Իսկ տուն փող են ուղարկում՝ տարեկան միջինը 2 միլիարդ դոլար: Այդ գումարի կեսից ավելին գալիս է Ռուսաստանից: Բայց ավելի ու ավելի հաճախ հայերը երկիրը լքում են ընտանիքի ու հարազատների հետ: Լավ է այնտեղ, ուր մենք չկանք. հայերը սրա հետ լիովին համամիտ են: Չնայած, որտե՞ղ հայեր չկան: Տարբեր թվեր են ասում՝ 7,5-ից 11 միլիոն մարդ աշխարհի 85 երկրներում: Իսկ ահա Հայաստանում ազգի ներկայացուցիչների թիվը գնալով նվազում է:

Անկախ փորձագետների տվյալներով՝ վերջին 4 տարիների ընթացքում 3 միլիոնանոց Հայաստանից մեկնել է 320 հազար մարդ, իսկ դա այդպիսի փոքր բնակչություն ունեցող երկրի համար շատ մեծ ցուցանիշ է: Մարդկանց մեծամասնությունը մեկնում է Ռուսաստան, որտեղ հիմա ապրում է 2,5-ից 2,7 միլիոն հայ: Գնում են, քանի որ Ռուսաստանում հայերի համար ավելի հեշտ է փող աշխատել: Վերջին տարիներին հայերն իրենց գործունեությունն ուղղել են նաև դեպի հարևան Վրաստան, որտեղ այսօր ապրում է շուրջ 400 հազար հայ:

Հայաստանում տնտեսական ակտիվություն է տիրում հիմնականում առևտրի ու սպասարկման ոլորտում, իսկ հենց երկրում քիչ բան է արտադրվում: Ներդրումները ծայրահեղ քիչ են, ինչը կապված է արտաքին անվտանգության ցածր մակարդակի հետ. դա վերաբերում է ոչ միայն հարևան պատերազմական Ադրբեջանին, այլ նաև տարածաշրջանում (Իրան և Սիրիա) տիրող իրավիճակին:

Նրանք, ովքեր կարողացել են Հայաստանում ինչ-որ բան վաստակել, իրենց կապիտալը ներդնում են նույն Ռուսաստանում ու անգամ Վրաստանում. կարծիք կա, որ այստեղ մրցակցային միջավայրն ավելի բարեկեցիկ է: Բացի դրանից, հայերը հիացած են վրացական մաքսային գոտում ապօրինի պահումների բացակայությունով, հարկային ընթացակարգերի պարզությամբ, բիզնես սկսելու արագությամբ:

Չի կարելի ասել՝ Վրաստանում հայկական բիզնեսին ուրախ են, կամ ոչ. դրա հատվածը դեռ այնքան մեծ չէ տեղական բիզնեսին լուրջ մրցակցություն ցույց տալու համար: Բայց, ինչպես ասում են, Աջարիայում ու Վրաստանի սևծովյան ափին այն բավական հաջող է զարգանում: Իսկ եթե ընդհանուր համատեքստում հաշվի առնենք նաև Աբխազիան, ապա այնտեղ հայերի գործերն էլ ավելի լավ են ընթանում:

Եվ այնուամենայնիվ, չնայած տնտեսությունում օլիգարխիկ համակարգերի անխոցելիության ու կոռուպցիայի մասին հայերի բողոքներին, Հայաստանը, այսպես, թե այնպես, կարող է «ափ դուրս գալ»: Ներկայումս այստեղ շեշտը դրվում է ավանդական տնտեսության ճյուղերի զարգացման վրա՝ մեքենաշինություն, մետաղամշակում, գունավոր  մետաղագործություն, քիմիական, սննդային ու թեթև արդյունաբերություն:

Բայց, որպեսզի դրական միտումներն իրենց վրա զգան բոլոր քաղաքացիները, շատ ժամանակ կպահանջվի, իսկ սնվել պետք է ամեն օր: Այդպես էլ մեկնում են հայերը, ով՝ ուր: Հիմնականում՝ Ռուսաստան: Ռուսաստանի իշխանություններն այդ գործընթացին առայժմ դեմ չեն: