Home / Տեսանյութեր / Ոստիկաններն ակտիվիստներին բերման էին ենթարակում ուժի կիրառմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ոստիկաններն ակտիվիստներին բերման էին ենթարակում ուժի կիրառմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այսօր Կոմիտասի պողոտայի սկզբնահատվածում՝ մոտավորապես ժամը 15:30-ից մինչև 17:00-ն, կարծես, ռազմական դրություն էր: Կոմիտաս 5 հասցեում անցկացվող շինարարության դեմ բողոքող մի քանի տանսյակ բնակիչների և ակտիվիստների դեմ ոստիկանության ղեկավարությունը ավելի քան 150 ոստիկան էր դուրս բերել, Կոմիտասի սկզբնահատվածում տասնյակ ոստիկանական մեքենաներ էին կուտակվել:

Այն բանից հետո, երբ ավելի վաղ ոստիկանները բերման էին ենթարկել ակտիվիստ Եղիա Ներսիսյանին, իսկ բողոքողները չէին դադարեցրել իրենց ակցիան, դեպքի վայր նոր ոստիկանական ուժեր են ժամանել: Ոստիկանները, հրելով, քաշքշելով, հարվածելով, բերման են ենթարկել մեկ տասնյակից ավելի ակտիվիստների, խոչընդոտել են լրագրողների աշխատանքը՝ նույնպես հրելով ու քաշքշելով նրանց:

Ոստիկանները խանգարել են նաև Epress.am-ի թղթակցի նկարահանումներին՝ մի քանի անգամ կոպտորեն հրելով ու թույլ չտալով մոտենալ բողոքող ակտիվիստներին:

18:00-ի սահմաններում շինարարությունը, այնուամենայնիվ, դադարեցվել է, սակայն բնակիչներն ու ոստիկանները շարունակում են տարածքում մնալ:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին բնակիչներն ու ակտիվիստները նոր բնակելիի կառուցման դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը, որից հետո բնակիչների հետ բանակցություններ էին սկսել Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և կառուցապատող ընկերության՝ «Լիդեր» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը:

Օգոստոսի 22-ին կողմերը պայմանավորվածության էին եկել 5 օրով դադարեցնել շինարարությունը մինչև կառուցապատողը կպատրաստի ու կներկայացնի շինարարական նախագծի նորացված փաթեթը:

Tekali Taxi