Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ԿԳՆ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է աշխատավարձերի մասին

Սերժ Սարգսյանը ԿԳՆ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է աշխատավարձերի մասին

Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել է աշխատավարձների բարձրացման մասին:

«Կարծում եմ, տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ, բնական է, որ դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան: Սոցիալական փաթեթներն էլ ենք ընդլայնելու: Այսինքն՝ մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տալիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները: Կան տարբեր ծրագրեր. օրինակ, քաղաքացիական ծառայողների, ընդհանրապես, պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագիր: Մոտավորապես այնպիսի ծրագրեր, ինչպիսիք հիմա իրականացնում ենք երիտասարդական տարբեր խմբերի համար: Այսինքն՝ շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով և վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարանի տրամադրում: Առողջապահական ապահովագրություն ապահովել ենք, բայց պետք է այն հասու դարձնենք բոլոր կարգի ծառայողներին: Եվ այլ ծրագրեր էլ կան», – Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նա նաև նշել է, որ այդ ամենը չի կարող լինել ինքնանպատակ: Սարգսյանի խոսքով՝ այդ միջոցները պետք է արդյունավետ օգտագործվեն:

«Այսինքն, եթե մենք ավելացնում ենք միջոցները տեխնիկական վերազինման կամ ծրագրեր իրականացնելու համար, մի կողմից մենք այդ միջոցներով պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք, մյուս կողմից՝ այդ տեխնիկական զինվածությունը և մանկավարժի կամ պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումը պետք է բերեն արդյունքի՝ կարողանանք պատրաստել մրցունակ մասնագետներ: Կարծում եմ՝ մենք այստեղ դեռևս բավականաչափ անելիքներ ունենք», – ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi