Home / Հայաստան / Վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց չի լինելու. Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ-ի ժողովրդին

Վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց չի լինելու. Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ-ի ժողովրդին

Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանն այսօր նշվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ հղած ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «Այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, և «Ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին:

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»՝ ժողովրդավարությանը և համամարդկային արժեքներին, «Ո՛չ»՝ հակահայ ֆաշիզմին և բռնապետների քմահաճույքներին:

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ աշխատանքն ու արարումն արդեն արմատապես և դրականորեն փոխել են նրա դիմագիծը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության և քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել և աշխատել միայն մեկ ձեռքով», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև ընդգծել է, որ դեռ լուրջ խնդիրներ պետք է լուծվեն՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով:

«Բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլևս չի լինելու: Կեցցե՛ ազատ Արցախը՝ հայության պատվարն ու արդարության հաղթանակի խորհրդանիշը», – եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi