Home / Հայաստան / Խաբված բնակարանատիրոջը նոր տունը տրամադրում են կրկնակի արժեքով. նա բողոքել է վարչապետին

Խաբված բնակարանատիրոջը նոր տունը տրամադրում են կրկնակի արժեքով. նա բողոքել է վարչապետին

Արամի 72-80 հասցեի խաբված բնակարանատեր Սոնա Մաղաքյանը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով բողոք է փոխանցել, որով պաշտոնապես հրաժարվել է Ծիծեռնակաբերդի խճուղու նորակառույց շենքում իրեն տրամադրվող բնակարանից: Հիշեցնենք, որ այդ շենքում բնակարաններ էին տրամադրվել այն անձանց, ովքեր կառուցապատողի պատճառով զրկվել էին իրենց բնակարաններից Արամի փողոցի շենքում:

«Արամի շենքում բնակարանները ստացվել են շատ ավելի էժան գներով, քան Դալմայի շենքերում», – Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաղաքյանը՝ նշելով, թե երկակի ստանդարտներ են կիրառվում:

Նրա խոսքով՝ քրեական գործում կա պաշտոնական եզրակացություն այն մասին, որ Արամի շենքում 1 քմ-ի շուկայական արժեքը շուրջ 1000 դոլար է:

«Միչգերատեսչական հանձնաժողովը վարչապետի ու կառավարության հետ որոշում է կայացրել, որ որոշ արտոնյալներ շուկայական արժեքի 75 տոկոսը վճարելու դեպքում կարող են բնակտարածք ձեռք գցել Արամի շենքում, իսկ իրական բնակիչների պարագայում 1 քմ-ի արժեքը կրկնապատկվում է: Երկակի ստանդարտների կիրառման արդյունքում ստացվում է, որ պաշտոնատար անձինք 1քմ  750 դոլարով կարող են սողոսկել Արամի շենք, իսկ  իսկական օրինական գումար տված անձինք դուրս են մնում այդ շենքում բնակարան ունենալու հնարավորությունից և վռնդվում են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող նորակառույց շենք: Շենքը վատը չէ, բայց այստեղ էլ գները այսօրվա շուկայականի կրկնակին է», -ասել է Մաղաքյանը:

Նա նշել է, որ նախկին թալանչի կառուցապատողներ Սիմոն Աղազարյանի ու Գագիկ Պապոյանի փոխարեն այսօր թալանով զբաղված են պետական պաշտանատար  անձինք:

«Կառավարության որոշումն ամրագրել է, որ կարելի է շարքային մարդկանց շուկայականից կրկնակի ավել արժեքով տուն հատկացնել Ծիծեռնակաբերդի խճուղում, իսկ վարչապետի և նախագահի  վերահսկողական ծառայության պետերին, պատգամավորներին, դատավորներին ու էլի մի շարք պաշտոնյաների թառեցնել Արամի շենքերում: Օրենքով պահանջում եմ բնակարան տրամադրել Արամի շենքում, որոնք խոշոր կենդանիներին են պատկանում, տվեք ինձ ռեկետյորների տները: Թող համարձակվեն ու չտան՝ մինչև Եվրադատարան կգնամ», – պատմել է մեր զրուցակիցը:

Tekali Taxi