Home / Տեսանյութեր / «Վարկի հինգ տոկոսն էլ ատկատ եմ տվել». «Ամերիաբանկն» ու օֆշորային սկանդալը

«Վարկի հինգ տոկոսն էլ ատկատ եմ տվել». «Ամերիաբանկն» ու օֆշորային սկանդալը

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն օֆշորի սկանդալային պատմության մեջ առանցքային դերակատարում ունի: Հենց այս բանկն է  ադամանդագործ Սուքիսայանին տրամադրել 12 մլն դոլար վարկ, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակը հենց «Ամերիաբանկ»-ն է: Այս մասին գրում է hetq.am կայքը շարունակելով ներկայացնել օֆշորային սկանդալը, որում ներգրավված են վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անունները : Վերջիններս հերքում են իրենց կապը օֆշորային սկանդալի հետ:

Hetq.am-ը նշում է, որ «Ամերիաբանկը» չի ստուգել Աշոտ Սուքիասյանի ներկայացրած բիզնես ծրագրում առկա փաստաթղթերը: Ըստ գործող կարգի՝ բանկի ներկայացուցիչը պետք է նաև տեղում` Սիերա Լիոնեում, ստուգեր այդ փաստաթղթերում առկա տեղեկությունները: Վարկառու Աշոտ Սուքիասյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ բանկի իրավաբանը պետք է մեկներ Սիերա Լիոնե, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չի մեկնել: Բայց բանկը շարունակել է պարտաճանաչ փոխանցումներ կատարել Կիպրոս: «Ամերիաբանկը» ընդհանուր առմամբ 10 մլն 700 հազար դոլար է փոխանցել Աշոտ Սուքիասյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

Իսկ եթե բանկը ժամանակին հետևեր իր վարկային ծրագրին, վարկառուի պարտավորությունների կատարմանը, ապա կտեսներ,  որ Աշոտ Սուքիասյանը վարկային գումարներով ձեռք է բերել մեծ քանակությամբ ոսկի, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա, տուն, ներդրում է կատարել սրճարանի շինարարության մեջ, «Մետաքս Գոլդ» ՍՊԸ –ում  և այլն:

«Աշոտ Սուքիասյանին ներկայացված մեղադրանքներից մեկն էլ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելն է (ՀՀ քր. օր.-ի 190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ): Սա փողերի լվացման հայտնի հոդվածն է: Իսկ Աշոտ Սուքիասյանը փողերը լվացել է «Ամերիաբանկի» միջոցով: Արդեն հարցաքննվել են բանկի մի քանի աշխատակիցներ, բայց առաժմ չի հարցաքննվել բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նա, իհարկե, շատ բացահայտումներ կարող է անել, որոնք կարող են դառնալ օֆշորային պատմության բանալին: Բայց այսօր կարելի է վստահաբար ասել, որ Հանեսյանը չի հարցաքննվի և ոչ մի բացահայտում էլ  չի լինի:

Ընդհանրապես գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանը պետք է պարզաբանի, թե ինչու է այս գործն ուղարկել ոստիկանություն` ոստիկանության քրեական գլխավոր վարչություն: Այս գործով անցնում են բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում` նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Օֆշորային սկանդալի բացահայտման բանալին գուցե հենց նրա՝ ոստիկանապետի ձեռքում է, եթե ասի, թե ում զանգով է Աշոտ Սուքիասյանին թույլատրել լքել Հայաստանի տարածքը: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը հայտարարություն է տվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, եւ նույն օրը Աշոտ Սուքիասյանը ցանկացել է լքել Հայաստանի տարածքը, սակայն նա արդեն «սեւ ցուցակում» էր, եւ նրան սահմանից բերման են ենթարկել ոստիկանություն: Նա հարցաքննվել է, ապա ազատ արձակվել: Ինչ-որ մեկի զանգով նրա անունը հանվել է «սեւ ցուցակից», ու նա կարողացել է հեռանալ Հայաստանից: Դրանից հետո Ա. Սուքիասյանն այլևս Հայաստան չի վերադարձել:

Առայսօր չի հարցաքննվել նաև Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը: Նա երկու անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում: Քննիչի «մտքով չի անցնում», որ նա օֆշորային պատմության մեջ կարևոր դերակատարություն ունեցողներից մեկն է», – գրում է կայքը:

Հոդվածի հեղինակները նաև անդրադառնում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պատմությանը: Ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, 2007թ. օգոստոսին ձեռք է բերել ռուսաստանյան «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդը»: Վերջինս խոշոր ներդրումային ընկերություն է:  «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդը» 2011թ. նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2011թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունն իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացրել է մինչև 99.9988997%:

Hetq.am-ը նաև ներկայացնում է այն տեղեկությունները, որնք չկան բանկի կայքէջում չկան: Այսպիսով, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ»-ն է (AMERIA GROUP (CY) LIMITED): AMERIA GROUP ( CY ) LIMITED-ը գրանցված է օֆշորում` Կիպրոսում: Ընկերությունը գրանցվել է 2007թ. հուլիսի 23-ին: Հիմնադրման օրվանից մինչև 15/06/2012-ը ընկերության տնօրենը եղել է Դավիթ Սարգսյանը: Դավիթ Սարգսյանը «Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական ծառայությունների գծով տնօրենն է:

15/06/2012-ից առ այսօր AMERIA GROUP (CY) LIMITED-ի տնօրենն է Անդրեյ Մկրտչյանը: Նա նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ է: Իսկ ովքեր են AMERIA GROUP ( CY ) LIMITED-ի բաժնետերերը: Այն ունի մեկ բաժնետեր` Կիպրոսում գրանցված մեկ այլ օֆշորային ընկերություն` MONTRAGO  NOMINEES  LIMITED: Այդ ընկերության բաժնետերերը չեն երևում, կա մեկ լիազորված անձ` Կիպրոսի բնակիչ Անդրոյլա Պապադոպուլուն (ΑΝΔΡΟΥΛΛΑ  ΠΑΠΑΔΟΠΟΥΛΟΥ) :

Չնայած փաստաթղթերում նշված չէ, թե ովքեր են իրականում բանկի բաժնետերերը, սակայն հայտնի են գոնե նրանցից երկուսի անունները` գործարար, բարերար, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը  և բանկի խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը:

Անդրադառնալով «Ամերիաբանկի» կողմից հաստատված բիզնես ծրագրին, որով Սուքիասյանը ունեզրկել է Փայլակ Հայրապետյանին, hetq.am-ը նշում է, որ նախագծով Սիրա Լեոնեյում հիմնվել է «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ն, որը Սիերա Լիոնեի արևելյան մասի երեք տարբեր հատվածներում ադամանդի և ոսկու հանքեր շահագործելու լիցենզիա ունի: Ամբողջական տարածքը, որտեղ ընկերությունն իրականացնում է իր ադամանդի և ոսկու հանքային գործողությունները, կազմում է մոտավորապես 810 հազար հա: Այս վայրերի ամբողջական պաշարը գնահատվում է մոտավորապես 10 հազար տոննա ոսկի և մոտավորապես 9.6 միլիոն կարատ ադամանդ` 10 մետր խորության վրա:

«Ընկերության հիմնադրումից հետո վերջին տարիների ընթացքում «Գլոբալ կարատ» ընկերությունը ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ հանքային գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես՝ ընկերությունն ունի էքսկավատորներ, բուլդոզերներ, բարձիչներ և այլ անհրաժեշտ մեքենաներ միջին գործողությունների համար: Այնուամենայնիվ, գործողությունների քանակը արդյունավետ, ժամանակակից դարձնելու նպատակով ավելացնում է եկամտաբերությունը», – սա «Ձորագյուղ» ԱԿ բիզնես նախագծից մի հատված է:

Բիզնես նախագծի առաջին օրինակը գտնվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Այն հեղինակել է հենց «Ամերիաբանկը»` ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի պատվերով, ինչի դիմաց վերջինս վճարել է 6 հազար դոլար: Սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ բանկը բիզնես նախագիծը գրել է, որպեսզի հնարավորություն ունենա Աշոտ Սուքիասյանին ավելի քան 12 մլն դոլարի վարկ տրամադրել:

«Ընդհանրապես, բանկի կազմած բիզնես ծրագիրն ասես 19-րդ դարի «ոսկու տենդի» (gold rush) պատմություն լինի: Պարզվում է՝ Աֆրիկայում՝ Սիերա Լիոնեում, 10 մետր խորության վրա թաղված է 10 հազար տոննա ոսկի և 9.6 մլն կարատ ադամանդ: Իսկ «Ամերիաբանկը» Աշոտ Սուքիսայանին միլիոնավոր դոլարների վարկ է տալիս, որ նա գնա, այդ ոսկին ու ադամանդը բերի Հայաստան: Տարօրինակ է, որ բիզնես նախագծում «Ամերիաբանկի» ղեկավարները նման «գաղտնիքի» մասին հիշատակել են: Տեսնես ինչո՞ւ նրանք միանգամից մի քանի բահով չեն մեկնել Աֆրիկա: Չէ՞ որ հողն ընդամենը 10 մետր փորելով` նրանք աներևակայելի կարողության տեր կդառնային:

Ոստիկանության քրեական գլխավոր վարչությունում հարցաքննվել է «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Հենց նա է զբաղվել Աշոտ Սուքիասյանի վարկով: Թե ինչ հարցեր է տվել քննիչը և ինչ պատասխաններ ստացել, դեռևս անհայտ է: Զարմանալի է, բայց առայժմ չեն հարցաքննվել բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և AMERIA GROUP (CY) LIMITED-ի տնօրեն, բանկի խորհրդի անդամ Անդրեյ Մկրտչյանը: Բանկի նշյալ երեք պաշտոնյաներն անմիջական առնչություն են ունեցել վարկային այս պատմության հետ ու դրա պատասխանատուներն են:

Գործարար Փայլակ Հայրապետյանը ամիսներ առաջ մեզ տված հարցազրույցում մի տեղեկություն էր հայտնել, որը երկար ժամանակ չգիտեինք՝ ինչպես հրապարակել: Իրականում, ուսումնասիրելով «Ամերիաբանկի» գրած բիզնես նախագիծը և վարկային պատմության մանրամասները, անհնար է այլ եզրահանգման գալ` «Ամերիաբանկի» ղեկավար անձանցից որոշ անձինք խիստ շահագրգռված են եղել, որ այդ վարկը դուրս գրվի:

Բիզնես նախագծում նշված է. « …Բավականին վերջերս «Ձորագյուղ» ՍՊԸ-ն մեծ մասնակցություն է ցուցաբերել «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ի աշխատանքներում, որը Սիերա Լիոնեում կազմավորված ոսկու և ադամանդի հանք է… », «… Ընկերությունը առևտրական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ: 2008թ. «Ձորագյուղ» ՍՊԸ-ն ընդլայնեց իր բիզնես հետաքրքրությունները հանքարդյունաբերության մեջ և մեծ ուշադրության արժանացավ «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ի կողմից… » և այլն: Նշված կեղծ տեղեկություններն ինչպես են տեղ գտել բիզնես ծրագրում, միայն «Ամերիաբանկին» է հայտնի: Բիզնես նախագծում առկա կեղծ տվյալները բազմաթիվ են: Ի՞նչ նպատակով է բանկը դրանք հորինել:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նշյալ բիզնես ծրագրի հիման վրա հատկացրել է 10,7 մլն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ «Ձորագյուղ» ՍՊԸ-ն նույն ծրագրով ստանձնել է պարտավորություններ, թե երբ և ինչի վրա է ծախսելու հատկացվելիք վարկը: «Ամերիաբանկը» չի վերահսկել, թե ինչպես է վարկառուն գումարները ծախսում: Բայց այսքանով հանդերձ` բանկի սեփականատերերը և ղեկավարությունը շարունակում են իրացնել Փայլակ Հայրապետյանի՝ իրենց բանկում գրավադրված գույքը:

Նրանք ամեն ինչի վրա աչք են փակել, որպեսզի այդ վարկը տրվի, և արագ-արագ իրացվեն վարկային միջոցները: Փայլակ Հայրապետյանը պատմել էր, որ երբ Աշոտ Սուքիասյանին հարցրել է, թե ինչ է արել բանկից վերցրած փողը, վերջինս սկսել է թվարկել. «…Վարկի հինգ տոկոսն էլ ատկատ եմ տվել բանկին»:

Ադամանդագործ Սուքիասյանին տրամադրված վարկի 5 տոկոսը կազմում է մոտ 600 հազար դոլար», – գրում է կայքը: