Home / Տեսանյութեր / Ռուսաստանի սպառնալիքներն անընդունելի են. Ֆյուլեն՝ Արևելյան գործընկերության երկրների մասին

Ռուսաստանի սպառնալիքներն անընդունելի են. Ֆյուլեն՝ Արևելյան գործընկերության երկրների մասին

Շտեֆան Ֆյուլեն պնդում է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին անհամատեղելի է Մաքսային միության հետ և կոչ է անում ճնշում չգործադրել Արևելյան գործընկերության երկրների վրա:

Այս տարի կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը խոստանում է ընդգծել արևելյան եվրոպական հարևան մի շարք պետությունների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում ձեռք բերված խիստ կարևոր առաջընթացը: Այս մասին երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Արևելյան գործընկերության լիագումար նիստի ընթացքում:

«Հստակ  է, որ սխալմամբ այն որոշ ատյաններում ընկալվում է որպես վտանգ: Արդյունքն, ինչպես տեսնում ենք, այն է, որ լուրջ ճնշումներ են գործադրվում մեր որոշ գործընկերների նկատմամբ: 

Եվրոպական միության քաղաքականությունը արևելյան հարևան պետությունների նկատմամբ մշտապես եղել է խիստ հստակ: 2009 թվականի Պրահայի գագաթնաժողովի ընթացքում մեր արևելյան գործընկերներին առաջարկվեց ստեղծել Արևելյան գործընկերությունն ու հաստատել քաղաքական միավորման և տնտեսական ինտեգրման մեր համատեղ նպատակը, որն ամրապնդվում է Ասոցացման համաձայնագրով և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտիով (ԽՀԱԱԳ):

Ճշմարիտ է, որ անդամությունը Մաքսային միությանը համատեղելի չէ ԽՀԱԱԳ-ների հետ, որոնց շուրջ բանակցում էինք Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Պատճառը գաղափարական տարբերությունները չեն, և խոսքը տնտեսական բլոկների բախման կամ զրոյական արդյունքով խաղի մասին չէ: Պատճառն իրավական անկարելիություններն են. օրինակ՝ հնարավոր չէ միևնույն ժամանակ իջեցնել մաքսային սակագները, ԽՀԱԱԳ-ների համաձայն, և բարձրացնել դրանք որպես Մաքսային միության անդամ պետություն: Նոր սերնդի Ասոցացման համաձայնագրերը կտան փոխակերպման ահռելի արգասիք` իրավական համապատասխանեցման, օրենսդրական ներդաշնակեցման և շուկայական ազատականացման միջոցով: Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱԳ-ները կբերեն զգալի օգուտներ: Ժամանակի ընթացքում հնարավոր կլինի  կրկնապատկել դեպի ԵՄ արտահանման ծավալները` ապահովելով գրեթե 12% ՀՆԱ աճ: Այնուամենայնիվ, այս ամենն իրագործելու համար մեր գործընկերները պետք է վարեն լիակատար ինքնուրույն առևտրային քաղաքականություն, ինչը չի հաջողվի Մաքսային միության անդամներին», – ասել է Ֆյուլեն: 

ԵՄ հանձնակատարն ընդգծել է, որ, իհարկե, Արևելյան գործընկերության անդամները կարող են ընդլայնել Մաքսային միության հետ համագործակցությունը` դիտորդի կարգավիճակով, և ԽՀԱԱԳ-ում ընդգրկվածությունն իհարկե լիովին համատեղելի է ԵՄ գործընկերների՝ այլ ԱՊՀ պետությունների հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերի հետ:   

«Թույլ տվեք հստակ լինել. Եվրասիական տնտեսական միության ծրագիրը պետք է հարգի մեր գործընկերների ինքնավար որոշումները: Ռուսաստանի կողմից ցանկացած սպառնալիք, որը կապված է Եվրոպական միության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի է: Սա վերաբերում է բոլոր տեսակի ճնշումներին, ներառյալ.

– Էներգիայի գների սահմանման հնարավոր չարաշահում.  

– Առևտրային արհեստական խոչընդոտներ, ինչպես օրինակ՝ ներմուծման արգելքներ, որոնք կարող են համատեղելի չլինել ԱՀԿ-ի պահանջների հետ, և ծանր մաքսային ընթացակարգեր. 

– Ռազմական համագործակցություն և անվտանգության երաշխավորում.

– Երկարատև հակամարտությունների հարցում աջակցություն: 

Քսանմեկերորդ դարում արտաքին հարաբերությունները մեր մայրցամաքում այսպես չպետք է վարվեն: Նման գործողությունները հստակ խախտում են այն սկզբունքները, որոնք ընդունվել են եվրոպական բոլոր երկրների կողմից: ԵԱՀԿ-ի Հելսինկիի սկզբունքներով մենք պարտավորվել ենք հարգել յուրաքանչյուր երկրի` «միջազգային օրենքների համաձայն` այլ պետությունների հետ հարաբերությունների ազատ սահմանման և ըստ իր ցանկության վարման իրավունքը»: Եվրոպական միությունը կօժանդակի և կկանգնի նրանց կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշումների», – ասել է Ֆյուլեն: 

Վերջինս նաև հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ-ը դեմ չեն Ռուսաստանին, հակառակը, Ռուսաստանը նույնպես մեծապես կօգտվի Արևելյան գործընկերության երկրների ավելի լայն եվրոպական տնտեսությանն ինտեգրման հանգամանքից:

«Ըստ մեր տեսլականի՝ նշված համաձայնագրերը պետք է նպաստեն, ԱՀԿ-ի կանոնների համաձայն, երկարաժամկետ պայմաններում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի հնարավոր ստեղծմանը:   

Այսպիսով, մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնելիրենց կապերը Ռուսաստանի հետ, ինչպես ինքներս ենք անում, սակայն այնպես, որ դա համատեղելի լինի ԱՀ/ԽՀԱԱԳ պարտավորությունների հետ: Եվրոպական միությունը պատրաստ է աշխատելու իր հարևանների հետ ԵՄ-ի և Մաքսային միության անդամների միջև օրենսդրական համապատասխանության խթանման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ: Մեր մայրցամաքը երկու մասի բաժանող պաշտպանողական պատն ամենավերջին բանն է, որ մենք կարող ենք ցանկանալ: Այսօրվա ավելի քան մրցակցային համաշխարհային տնտեսության պայմաններում մենք չեն կարող ժամանակ վատնել տարածաշրջանային աշխարհագրաքաղաքական մրցակցության վրա», – եզրափակել է Ֆյուլեն: 

Tekali Taxi