Գլխավոր / Տեսանյութեր / Նախագահական ընտրությունների հետքերով. ինչպես էին ուռճացնում մասնակիցների թիվը

Նախագահական ընտրությունների հետքերով. ինչպես էին ուռճացնում մասնակիցների թիվը

2013 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից հետազոտված 32 համայնքներից առնվազն 10-ում ուռճացվել են մասնակցության ցուցանիշները: 

«Ասպարեզը» ուսումնասիրել է նախագահական ընտրություններում 90 և ավելի տոկոս մասնակցություն ցուցաբերած համայնքների արդյունքները: Վերոնշյալ 32 համայնքներից 10-ում նախագահական ընտրության օրը չէր կարող գտնվել այնքան ընտրող, որքան, ըստ ԿԸՀ տվյալների, մասնակցել է ընտրությանը: Օրինակ, Արարատի մարզի Աբովյան գյուղում ըստ ԿԸՀ-ի` 2013թ. փետրվարի 18-ին գրանցված է եղել 1170 ընտրող, որոնցից միայն 1087-ն են մասնակցել ընտրությանը, իսկ «Ասպարեզ» ակումբի հետազոտության համաձայն, նույն օրը նույն համայնքում կարող էր գտնվել առավելագույնը 1036 ընտրող` փաստորեն 51-ով պակաս, քան ԿԸՀ տվյալներով մասնակցել է ընտրությանը, և 134-ով պակաս, քան ըստ ԿԸՀ-ի հաշվառված են եղել ընտրացուցակներում: Սյունիքի Տեղ գյուղում 2013 փետրվարի 18-ին ֆիզիկապես կարող էր մասնակցել քվեարկությանը առավելագույնը 1283 հոգի, այնինչ ԿԸՀ տվյալներով մասնակցել է 1434, մարդ` 151 հոգով ավելի, այդ ցուցանիշը Խնածախի համար կազմել է 187 մարդ, Աղվանի գյուղի համար` 11 մարդ, Արարատի մարզի Նոր ուղի գյուղի համար` 113:      
      
Համադրելով 2011 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքները 90 և ավելի տոկոս մասնակցություն ցուցաբերած 4 համայնքներում գրանցված ընտրողների թվի հետ, հետազոտողները պարզել են, որ այդ ցուցանիները տարօրինակ և անհասկանալի հակադրության մեջ են այն իմաստով, որ գրեթե հավասար են: Այսպիսով, «Ասպարեզը» նշում է, որ կարելի է մտածել, թե այդ համայնքներում անչափահասներ չկան կամ գրեթե չկան, կամ էլ 16 ամսում այդ համայնքներում գրանցվել է բնակչության 10-30 տոկոսանոց աճ, ինչը անհնարին է: Այսպես օրինակ, Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր համայնքում, ըստ 2011 թվականի հոկտեմբերի մարդահամարի արդյունքների, առկա և մշտական բնակչությունը կազմել է 100 հոգի, միաժամանակ ընտրողների ընդհանուր թիվը 2013 թվի փետրվարի 18-ին կազմել է 102 հոգի, իսկ ընտրություններին մասնակցել է 92-ը (սյունակ Ը):

Բացի դա, լուրջ տարբերություններ կան 2011 թվականի հոկտեմբերի մարդահամարով ստացված այս և այլ համայնքների մշտական և առկա բնակչության թվի` մի կողմից, իսկ մյուս կողմից համապատասխան մարզպետարանների պաշտոնական կայքէջերում (2010-2012 թթ.) առկա նույն համայնքների բնակչության թվերի միջև: Այսպես, Ջաղացաձորում, ըստ մարդահամարի արդյունքների, առկա և մշտական բնակչությունը կազմել է 100 մարդ, իսկ մարզպետարանի կայքում` 182 մարդ (միաժամանակ 2001 թվականի մարդահամարի տվյալներով` Ջաղացաձորում եղել  140` առկա և 141` մշտական բնակչություն): Փաստորեն, այս երեք պաշտոնական տեղեկություններում բնակչության թվի հսկայական վայրիվերումներ կան: Պատկերը համանման է գրեթե բոլոր հետազոտված համայքների դեպքում:  

«Նախագահական ընտրություններում 90 և ավելի տոկոս մասնակցությունց ցուցաբերած 32 համայնքների ժողովրդագրական, բնակիչների և ընտրողների թվերի ուսումնասիրությունները` ԿԸՀ, ԱՎԾ և մարզպետարանների աղբյուրներից, ինչպես նաև ակումբի կատարած ուսումնասիրությունների արդյունքների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ

1.    2013 թվի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ընտրությունների մասնակցությունը ուռճացվել է հետազոտված 32 համայնքներից առնվազն 10-ում: 
2.    Կամ ուսումնասիրված 32 համայնքներից առնվազն 4-ի բնակչության` 2011 թվի հոկտեմբերի մարդահամարի տվյալներն են նվազեցված կամ նույն համայնքներում 2013 թվի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրողների թիվն է ուռճացված:
3.    Ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելքը ընտրությունների կեղծիքների և/կամ սխալների կոծկման հիմնական միջոցներից մեկն է: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այս հետազոտության վրա է հրավիրում ոլորտային պատասխանատու պաշտոնյաների եւ իրավապահների ուշադրությունը, բոլոր հետաքրքրված անձանց կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ կատարված աշխատանքի մասին: Առաջին եզրակացությունը կհաստատվի, եթե իրավապահները բարեխղճությամբ ուսումնասիրեն 2013 թվականի փետրվարի 18-ի դրությամբ այդ համայնքներում հաշվառված անձանց, ՀՀ վերջին նախագահական ընտրություններին այդ համայնքներից մասնակցած անձանց և նույն օրը նրանցից Հայաստանում գտնված անձանց ցուցակները», – եզրակացնում է Ժուռնալիստենրի «Ասպարեզ» ակումբը:
   
Հետազոտության իրականացման համար 2013 թվականի ապրիլի 18-ից մինչև հունիսի 30-ը կատարվել են այցեր բոլոր վերոհիշյալ 32 համայնքները, պարտադիր հարցվել են բոլոր տնային տնտեսությունները, ամեն անգամ օգտագործելով մեկական հարցաթերթիկ: Ակնհայտորեն կարճ ժամանակով փակ տների հանդիպելիս այդ տան ընտանիքի կառուցվածքի և անդամների մասին հարցվել է մոտակա հարևանը: Բոլոր տնտեսություններում հարցումն իրականացվել է հարցումն իրականացնող մեկ կամ երկու մասնագետի միջոցով, անմիջական զրույցով, զրուցելով տան չափահաս անդամի կամ անդամների հետ: Հարցաթերթիկները լրացվել են հարցվողների ներկայությամբ: Հարցման ընթացքում որևէ հարց կամ հուշում չի եղել որևէ պետական կամ տեղական ընտրության մասին: 32 համայնքներից 5-ում իրականացվել են ստուգողական լրացուցիչ հարցումներ: Ստուգողական հարցումներին որեւէ մեկը հիմնական հարցումներն իրականացրած մասնագետներից չի մասնակցել: Հետազոտվել է ընդհանուր առմամբ 5386 տնային տնտեսություն:

Tekali Taxi