Home / Տեսանյութեր / Ինչու են օրենքից հանում «գենդեր» բառը. մեկնաբանում են օրենսդիրներն ու փորձագետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչու են օրենքից հանում «գենդեր» բառը. մեկնաբանում են օրենսդիրներն ու փորձագետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ում ընդունված օրենքից ցանկանում են հանել «գենդեր» բառը: Փորձագետը բացատրում է՝ ինչու է դա անտրամաբանական:

Մայիսի 20-ին Ազգային Ժողովում երեք ընթերցումով ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը ներկայացվել է ԱԺ՝ փոփոխություններ կատարելու նպատակով, ինչը պայմանավորված է որոշ խմբերի կողմից օրենքը քննադատելու հետ:

Օրենքը մշակել էին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը, սակայն այն ընդունելուց հետո ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկու առանձին առաջարկներով էին հանդես եկել, որոնք գրեթե նույն փոփոխություններն էին առաջարկում օրենքում, այն է ՝օրենքից հանել «գենդեր» հասկացությունը:

«Մենք առաջարկում էինք հանել գենդեր՝ սոցիալական ձեռքբերովի վարք բառը: կառավարութունը մերժել է մեր առաջարկը, բայց առաջարկել գրեթե նույնական փոփոխությունը: Հիմա պատրաստվում ենք ԱԺ-ում քննարկել և հանել գենդեր բառը»,- ասել է Զոհրաբյանը:

Երբ խնդրել ենք հիմնավորել պահանջը, պատգամավորն ասել է, որ ինքը այդ ոլորտի մասնագետը չէ, այլ նախաձեռնել է փոփոխությունը, քանի որ հանրային մեծ դժգոհություն է առաջացել:

«Գուցե մտահոգությունները չափազանցված են, բայց մեզանից մեծ բան չի պահանջվում, ընդամենը կարող ենք հանել գենդեր բառը, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն տերմինով փոխարինենք»,- ասել է Զոհրաբյանը: 

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը նշում է, որ օրենքում կան տերմիններ՝ «գենդերային խտրականություն», «գենդերեային մեյնսթրիմինգ», «գենդերային կարծրատիպեր», որոնք առաջարկվող փոփոխությամբ ևս պետք է հանվեն: Ըստ Նիկողոսյանի՝ այսպիսով վերոնշյալ երևույթները, փաստորեն, ևս արտացոլված չեն լինի օրենքում, ինչն անտրամաբանական է:

Օրենքի հեղինակներից Հեղինե Բիշարյանը, սակայն, այս փոփոխությունը կատարելու մեջ խնդիր չի տեսնում:

«Փորձում են փոթորիկ բարձրացնել, ես խորհուրդ կտամ զերծ մնալ նման քննարկումներից: Ուրիշ բան, որ մենք օտար բառ ենք դրել մեր օրենքում, որը կառավարությունն էր բերել, հիմա էլ հանել է, ինչը նորմալ է, օրենքը կենդանի մարմին է, մենք անընդհատ աշխատում ենք դրա վրա: Այդ բառն իրենք էին բերել, ես չգիտեմ՝ անուշադրություն էր, անփութություն էր: Գիտեք, չի կարելի մեղադրել օրենքի հեղինակներին այդ բառի համար և ամբողջ օրենքի վրա սև բիծ գցել», – ասել է Բիշարյանը:

Անկախ փորձագետների կարծիքով՝ օրենքն այդ փոփոխությունից իսկապես կտուժի, եթե փոփոխությունը արվի, քանի որ օրենքի առարկան հենց կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններն են բոլոր ոլորտներում, իսկ գենդեր տերմինը հենց վերաբերում է նրան, թե ինչպես են կինը և տղամարդը ընկալվում հասարակության մեջ, ինչ սպասելիքներ կան իրենցից: Նրանց կարծիքով՝  տերմինը այլ կերպ մեկնաբանելը անտեղյակ լինելու հետևանք է:

«Եթե պատգամավորները որոշել են փոփոխություններ կատարել օրենքում և գենդեր տերմինը հանել, արդարացված չէ, որովհետև դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի կարող է որևիցե օրենքի մասին սուտ ինֆորմացիա տարածել, փորձել հավաքել մարդկանց, ովքեր այդ ստին կհավատան և կարողանա ճնշումներ գործադրել օրենսդրի և հասարակության վրա: Ստացվում է, որ օրենսդիրը, անգիտակ լինելով թեմայից, կարող է զոհ գնալ այդ մանլիպուլիացիաներին»,- ասել է Նիկողոսյանը: 

Tekali Taxi