Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի վերադաս ՖՍԲ-ն սուտ է խոսում. «Ժառանգությունը» պատասխանում է ՌԴ սահմանապահներին

Սերժ Սարգսյանի վերադաս ՖՍԲ-ն սուտ է խոսում. «Ժառանգությունը» պատասխանում է ՌԴ սահմանապահներին

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ տարածած հայտարարությունը ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ է: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ:

««Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը և նրան ուղեկցող ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, կուսակցության այլ ներկայացուցիչները ՀՀ Սյունիքի մարզում 2013 թվականի սեպտեմբերի 25-ին իրականացրել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված գործունեություն՝ նախընտրական քարոզարշավ: Մինչդեռ ՌԴ ԱԴԾ աշխատակիցները նույն օրը փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը՝ փաստացի տեղադրելով անցագրային կետ, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ինքնաձիգերով զինված վերահսկողություն իրականցրել, ՀՀ քաղաքացիներից պահանջել իրենց ուղևորության նպատակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել,  կարգադրություններ արձակել, ընդ որում՝ այդ ամենը արել ՀՀ պետական լեզու չհանդիսացող օտար լեզվով, առանց բացատրությունների խուզարկել  մեքենաները, ստուգել անձանց ինքնությունն ու փաստաթղթերը: Ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունեցել Իրանի հետ ունեցած Հայաստանի սահմանից ուղիղ գծով հաշվարկելիս շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա և ընթացել առանց ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցության: Հաշվի առնելով սահմանից հեռավորությունը՝ այն չի կարող դիտարկվել սահմանային ռեժիմի խախտման տեսանկյունից», – հայտարարում է «Ժառանգություն»-ը:

Կուսակցությունը երզակացնում է, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթած ՀՀԿ-ի և նրա առաջնորդի՝ իրեն «գուբեռնատորի» կարգավիճակ նախապատրաստող Սերժ Սարգսյանի վերադաս հանդիսացող ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի գործողությունները՝ ուղղված Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության հաղթական քարոզարշավը խոչընդոտելուն ամբողջությամբ ապօրինի են և դատապարտելի:

«Ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, Ռուսաստանի սահմանապահները պետք է հսկեն ՀՀ սահմանը այլ ոչ թէ Հայաստանի ամբողջ տարածքը: Դժվար չէ կռահել, թե Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում քարոզչության վերջին օրերին «Ժառանգության» քարոզարշավը խոչընդոտելուն և բնակչության շրջանում վախի մթնոլորտի սերմանմանն ուղղված հերթական փորձը ում պատվերով է իրականացվել: Ուշագրավ է նաև, որ միջադեպին հաջորդած օրը Քաջարան է այցելել Սերժ Սարգսյանը», – նշում է «Ժառանգություն»-ը:

Կուսակցության ներկայացուցիչների զարմանքն է առաջացնում նաև այն փաստը, որ ՌԴ ԱԴԾ-ն մեղադրում է «Ժառանգության» քարոզչախմբի ներկայացուցիչներին սահմանապահ ծառայություն իրականացնողներին «հրապարակայնորեն վիդեոնկարահանելու» համար:

«Պարզ չէ, թե ՀՀ ո՞ր օրենքով է արգելված նկարահանել քաղաքացիների հանդեպ իրականացվող գործողությունները, և կամ ինչո՞ւ «Ժառանգության» ներկայացուցիչը պետք է նկարահաներ ոչ-հրապարակայնորեն՝ չտիրապետելով հատուկ ծառայություններին ներհատուկ համապատասխան հմտություններին:

Արդեն երեկոյան տեղի ունեցած միջադեպի վայր ժամանած և որպես գնդապետ Միրզոևը ներկայացած ռուս սահմանապահների վերադասը «Ժառանգության» ներկայացուցիչներին իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և համոզվելով, որ տեսախցիկը վնասված է՝ առաջարկել հենց տեղում ֆինանսական փոխհատուցում տրամադրել: Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչները հրաժարվել են վերցնել նրա առաջարկած գումարը՝ հայտնելով, որ դա պետք է արվի իրավական գնահատական ստանալուց հետո և դրա արդյունքում: Մենք վրդովված ենք, որ ընդամենը մեկ օր անց ՌԴ ԱԴԾ ՀՀ-ում Սահմանապահ վարչության կողմից տարածված հայտարարության մեջ այս ամբողջը ներկայացված է գլխիվայր շուռտված կերպ», – հայտարարում է «Ժառանգություն»-ը՝ հավելելով, որ հետամուտ է լինելու, որպեսզի ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի կողմից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդեպ  ապօրինի գործողություններն իրականացրած անձիք պատժվեն Հայաստանի Հանրապետության օրենքների ողջ խստությամբ: Անհրաժեշտության դեպքում «Ժառանգություն»-ը պատրաստ է հասնել ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Tekali Taxi