Home / Հայաստան / ՀՅԴ-ականին կնշանակեն Արարատի մարզպետ. թերթ

ՀՅԴ-ականին կնշանակեն Արարատի մարզպետ. թերթ

Երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ պատճառներից մեկը տարիքն է՝ նա իրականում 70-ն անց է (թեև ըստ պաշտոնական տվյալների՝ 66), իսկ մյուսը՝ մարզում դիզվառելիքի հետ կապված չարաշահումները:

Թերթը, իր աղբյուրներին հղում կատարելով, նշում է, որ արդեն հայտնի է նաև հաջորդ մարզպետի անունը՝ ՀՅԴ-ական Արամայիս Գրիգորյան, ով Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելուց հետո պետք է համալրեր ՀՅԴ պատգամավորների շարքերը։

Գրիգորյանը 2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով, իսկ 2008-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար՝ ՀՅԴ-ի կոալիցիոն քվոտայով։ 2009թ. մայիսի 12-ին Դաշնակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է նախարարի պաշտոնից։ Գրիգորյանն «Ավշար» գինու գործարանի սեփականատերերից է:

Թերթի հետ զրույցում նա հերքել է, թե իր նշանակումն արդեն փաստ է՝ նշելով. «Կառաջարկեն՝ կորոշեմ»:

Համաձայն «Հրապարակ»-ի, Գրիգորյանի մարզպետ դառնալու հեռանկարն առանձնապես չի ոգևորել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. նա ցանկանում էր այդ պաշտոնում նշանակել տալ իր ավագ եղբայր Հենրիկի որդուն՝ ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Tekali Taxi