Այսօր սկսվել է համաներման գործընթացը: Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այս համաներման ակտն ավելի լայն շրջանակ ունի, քան նախորդները, այն կտարածվի այնպիսի հոդվածների վրա, որոնց վրա նախկինում չի տարածվել, սակայն բացառություններ են կազմում մարդկության դեմ ուղղված, սեռական բնույթի, ինչպես նաև թմրանյութերի վերաբերյալ հանցագործությունները:
«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ՝ Առուստամյանն ասել է, որ համաներման արդյունքում 500-600 հոգի կազատվի պատժից և 900-1000-ի պատիժն էլ կկրճատվի: Ներկայացվող թվերում ներառված չեն այն անձինք, որոնց նկատմամբ, օրինակ, դատավճիռ դեռևս չկա:
Արդարադատության նախարարի խորհրդականը անհատական որևէ գործի չանդրադարձավ, քանի որ նա դատական բոլոր վարույթներին չի հետևում և չի կարող ասել, թե ում վրա ինչպես կտարածվի:
Տնտեսական առումով համաներման կիրառմամբ պետությանը կշահի, բավականին ֆինանսական տնտեսումներ կգոյանան: Այսօր պետությունը 1 կալանավորի համար յուրաքանչյուր օր ծախսում է 4395 դրամ, իսկ սոցիալական առումով խնդիրներ կառաջանան, քանի որ տվյալ անձինք դժվարությամբ են հասարակություն վերաինտեգրվում:
Առուստամյանն ընդգծել է նաև, որ համաներումը կլուծի ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը. 4100 հոգու համար նախատեսված ՀՀ ՔԿՀ-ներում այսօր պահվում են 4700 անձ, այդ թվում նաև կալանավորները. «Գերբնակեցման խնդիրը ամբողջությամբ կլուծվի և չի լինի որևէ քրեակատարողական հիմնարկ, որտեղ գերբնակեցման խնդիր կունենանք, և եթե անգամ այս համաներման ակտը չլիներ, 2014թ. գերբնակեցման հարցը կլուծվեր «Արմավիր» ՔԿՀ-ի բացմամբ»: