Home / Հայաստան / Աղմկահարույց գործերով հայտնի դատախազը ազատվել է աշխատանքից

Աղմկահարույց գործերով հայտնի դատախազը ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Վերջին տարիների ընթացքում Կորյուն Փիլոյանը դատախազության ամենախնդրահարույց դեմքերից մեկն է: Նա մի շարք աղմկահարույց գործերով մեղադրող դատախազ է եղել: Մարտի 1-ի գործով քննության ժամանակ նա հայտարարել է, որ «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի Մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելը անհնար է: Նրա գործողություններից մշտապես դժգոհել են տուժողների իրավահաջորդները և ընդդիմության ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ Փիլոյանն ակնհայտորեն իշխանությունների պատվերն է կատարում:

Հետագայում նա վիրավորել է մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին: Երբ Խոր Վիրապում Սարգիս Քլոյանը Փիլոյանին ասել էր՝ «Ո՞նց ես Փիլոյան, եկել ես մեղքերիդ թողություն անելո՞ւ», դատախազը պատասխանել էր. «Ս…..դ քաշի»: Բացի դա, նույն վայրում գտնվող Մարտի 1-ի զոհերի հարազատներին Փիլոյանն անավանել է «համաշխարհային պոռնիկներ»:

Փիլոյանը մեղադրող դատախազ է եղել նաև նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործով: Նա դատարանին միջնորդել էր Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ 2 տարի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, և 6 տարի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Դատարանն առաջին հոդվածով արդարացրել է, իսկ երկրորդ հոդվածով 7 տարվա ազատազրկման է դատապարտել Նիկոլ Փաշինյանին:

Նա մեղադրող դատախազ է եղել ևս մեկ աղմկահարույց գործով. Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010 թվականին ապրիլին խոշտանգվել է և, մեղադրականի համաձայն, ինքնասպան է եղել Վահան Խալաֆյանը: Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանը պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով դատապարտվել է  8 տարվա ազատազրկման, սակայն հետագայում համենարմամբ ազատվել է պատժից: Այս գործով տուժող կողմի իրավահաջորդների Վերաքննիչ բողոքը մերժվել է: Նրանք պնդում էին, որ Խալաֆյանին սպանել են և պահանջում էին պատժել բոլոր մեղավորներին:

Փիլոյանի ևս մեկ դերակատարում՝ մայիսի 12-ին Կոմիտասի պողոտայում Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված աղմկահարույց գործը: Տվյալ գործում նախ մեղադրանք էր առաջադրվել Արաբկիրի նախկին թաղապետ` Հովհաննես Շահինյանի քրոջ որդուն` Արսեն Ահարոնյանի դեմ, որը սակայն հետագայում փոխվել էր և պատասխանատվության էր կանչվել Վռամ Բաղդասարյանը:

ԱԱԾ տնօրեն Գ.Հակոբյանը 10.01.200-  թվականին /տարեթիվը նշված չէ/ գրություն է հասցեագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հայտնելով այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Վռամ Բաղդասարյանը զերծ է մնացել քրեական պատասխանատվությունից: Գրության հիման վրա մեղադրանք է առաջադրվել Վռամ Բաղդասարյանին սպանության հոդվածով, ինչի արդյունքում Հովհաննես Շահինյանի քրոջորդի Ահարոնյանի արարքը վերաորակվել է ավելի մեղմ հոդվածով:

Լուսանկարը՝ Armtimes.com

Tekali Taxi