Home / Հայաստան / «Հարսնաքարի» գործով ևս մեկ ամբաստանյալ նոր ցուցմունք է տվել

«Հարսնաքարի» գործով ևս մեկ ամբաստանյալ նոր ցուցմունք է տվել

Այսօր «Հարսնաքար»-ի գործով հերթական դատական նիստում ամբաստանյալներից մեկը՝ Արթուր Բաբլոյանը, նոր ցուցմունք է տվել, ինչպես նախորդ նիստի ժամանակ մյուս ամբաստանյալները:

Բաբլոյանը պատմել է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը վնասվածքներ է հասցրել  տուժողներից մեկին՝ Գարիկ Սողոմոնյանին, իսկ մյուս տուժողներին չի հարվածել: Բաբլոյանը պնդել է, ոչ Սողոմոնյանին էլ այլ ամբաստանյալներ չեն հարվածել:

Իր ցուցմունքում մեղադրյալը նաև նշել է, որ ինքը ներգրավվել է վեճի մեջ` նկատելով, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի և Արտակ Բայադյանի միջև կռիվ է սկսվում, հետո տեսել է, որ Գարիկ Սողոմոնյանը հարձակվել է Նորայր Հայրապետյանի վրա, ով գոռում էր «հոպ, հոպ»՝ փորձելով բաժանել Գարիկ Մարգարյանին և Արտակ Բայադյանին: Ըստ ամբաստանյալի` ինքը մտել է Հայրապետյանի և Սողոմոնյանի միջև և սկսել է հարվածել վերջինիս: Բաբլոյանի խոսքով՝ մինչ այդ իրենց է հայհոյելով մոտեցել «կեպի տղեն»: Ամբաստանյալը նշել է, որ հետագայում պարզվել է, թե դա Վահե Ավետյանն էր:

Ըստ Բաբլոյանի` ինքը հարվածել է Սողոմոնյանին մոտ 20 վայրկյան: Դատախազի հարցերին ի պատասխան` ամբաստանյալը չի կարողացել ասել, թե քանի մետր հեռավորության վրա են եղել իրենից Վահե Ավետյանը և Նորայր Հայրապետյանը, կայանատեղում այլ մարդ կար, թե ոչ այն պահին, երբ ինքը հեռանում էր:

 Նախագահող Դավիթ Հարությունյանը խորհուրդ է տվել տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին`իր հարցերը փոխանցել դատախազ Դավիթ Հարությունյանին, քանի որ կա նախադեպ, որ ամբաստանյալները չեն պատասխանում Եգորյանի հարցերին:

Փաստաբանը հրաժարվել է դա անել, սակայն դատավորի կանխատեսումը արդարացել է. ինչպես Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը ևս հրաժարվել է պատասխանել Եգորյանի հարցերին: Ի թիվս այլ հարցերի՝ փաստաբանը ցանկանում էր իմանալ՝ ինչու է Բայադյանը զանգել Ռաֆիկ Հայրապետյանի անվամբ գրանցված համարին: Ռաֆիկ Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանի հայրն է: 

Դատախազի ճշտող հարցեին ի պատասխան` Բաբլոյանն ասել է, որ չի տեսել` ով է հարվածել Վահե Ավետյանին:

Բաբլոյանին ուղղված հարցերը սպառվել են: Քանի որ այլ ցուցմունքներ չեն եղել, դատախազ Արմեն Մարուխյանը միջնորդել է դատարանին նիստը հետաձգել և ժամանակ տալ նյութերը և նոր ցուցմունքները ուսումնասիրելու համար, քանի որ հնարավոր է՝ մեղադրող կողմը նոր միջնորդությունների կարիք տեսնի: 

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ նիստի ժամանակ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը նշել էր, որ նման խոստովանություններով պաշտպանության կողմը երկու խնդիր է լուծում:

«Մեկը պատժի անհատականացման հարցն է, որի պարագայում նոր համաներման ակտը հնարավոր կլինի կիրառել նրանց նկատմամբ: Պաշտպանության կողմը ձգտելու է հնարավորինս շուտ ավարտել դատաքննությունը: Հանցանքի անհատականացմամբ փորձ է արվում չեղոքացնել մեղադրականում նշված «համակատարում» եզրույթը: Համակատարաման թեզը փոխարինվում է պատժի անհատականացաման սկզբունքով և ամբաստանյալները ընդունում են առանձին դրվագներ՝ դրանով իսկ բացառելով հանցագործությունների համակցությունը: Սա շատ կարևոր է նոր համաներման տեքստի լույսի ներքո, որովհետև այս ակտը բացառում է հանցանքների համակցության պարագայում համաներման կիրառումը»,- ասել է Եգորյանը:

Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 18-ին, ժամը 16:00-ին: 

Tekali Taxi