Գլխավոր / Տեսանյութեր / Բաքվում դիտորդներին խանգարել են լրագրողները, Երևանում՝ ակտիվիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաքվում դիտորդներին խանգարել են լրագրողները, Երևանում՝ ակտիվիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 9-ին՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ, խոչընդոտվել է քաղաքացիների արտահայտվելու և հավաքների ազատության իրականացումը: Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

«Արդար նախընտրական մթնոլորտ չէր տիրում: Քվեարկության ժամանակ ընտրական գործընթացում միջամտություններ են գրանցվել»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ համակարգող Միշել Վուազենը:

Ընտրությունների ընթացքին 1143 ընտրատեղամասերում հետևել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ շուրջ 350 դիտորդներ:

Դիտորդները նշել են, որ սահմանափակվել էր լրատվամիջոցների հասանելիությունը թեկնածուների համար, ինչն էլ խոչընդոտ էր հանդիսացել արդար նախընտրական մթնոլորտ ստեղծելու համար:

Միևնույն ժամանակ, Վուազենը մի շարք դրական կողմեր է ներկայացրել. ընտրություններին մասնակցել է 10 թեկնածու, ինչը խոսում է բազմակարծության մասին, ԿԸՀ-ն ընտրությունների կազմակերպմանը լավ էր նախապատրաստվել, ընտրություններին հետևում էին բազմաթիվ դիտորդներ՝ ինչպես հասարակ քաղաքացիներ, այնպես էլ՝ կուսակցականներ: 

Այն հարցին, թե ինչու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականն այդքան տարբերվում է Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ գնատահատականներից, Վուազենը պատասխանել է, որ վերջինները կարճատև առաքելություններ ու դիտարկումներ են անցկացրել, մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն երկարատև, մանրամասն դիտարկումներ է անցկացրել ողջ երկրի տարածքում:

Այնուհետև, մամուլի ասուլիսի ժամանակ վիճաբանություն է բռնկվել, երբ, ինչպես նշում է Contact.az-ը, 6 իշխանամետ լրագրողներ սկսել են վիրավորանքներ վանկարկել ԵԱՀԿ ներկայացուցիչներ հասցեին ու նրանց մեղադրել կողմնակալության մեջ: «Հարցեր տալու փոխարեն, նրանք սկսեցին մեղադրել առաքելության անդամներին՝ փակելով նրանց բերանը»,- գրում է կայքը:

Իր հերթին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Թանա Դե Զուլետան հասցրել է նշել, որ թեկնածուների ու ընտրողների ահաբեկումը, նրանց հիմնարար ազատությունների սահմանափակումը լուրջ խախտում է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը չի իրականացրել ԵԱՀԿ-ի առջև իր պարտավորությունները:

Այս խոսքերն իշխանամետ լրագրողների մոտ վրդովմունքի նոր ալիք են բարձրացրել, որոնք սկսել են բղավել ու ընդհատել են մամուլի ասուլիսը:

2013 թվականի փետրվարին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մամուլի ասուլիսն ընդհատվել էր նաև Երևանում: Երևանում, սակայն, դա արել են հասարակական ակտիվիստները, ովքեր դիտորդներին մեղադրել են Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ հավատարմության մեջ: Այն ժամանակ՝ դիտորդների ելույթներից հետո, խոսել էր ակտիվիստ Լենա Նազարյանը: Նա հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիները համաձայն չեն միջազգային դիտորդների բարձր գնահատականների հետ ու կարծում են, որ ընտրություններն անկացվել են համատարած խախտումների մթնոլորտում:

Նազարյանի ելույթից հետո նրան փորձել են դուրս բերել դահլիճից, սակայն մյուս ներկաների միջամտությունից հետո, լրագրողների հետ հանդիպումն ընդհատվել է: Ակտիվիստները վանկարկում էին՝ «Դավաճաններ, հեռացեք», «Ոչ ընտրությունների լեգիտիմացմանը»: Դիտորդները դուրս են եկել դահլիճից, սակայն, որոշ ժամանակ անց վերադառնալով, ակցիան անվանել են ոչ ժողովրդավարական՝ հայտարարելով, որ ակտիվիստները խախտել են իրենց՝ խոսքի ազատության իրավունքը:

Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո Epress.am-ը «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն հ/կ նախագահ Ա. Մինասյանից «խնդրանք-պահանջ» վերնագրով նամակ ստացավ, որում նշվում էր, որ ակցիան նախաձեռնել ու կազմակերպել էր «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը, որն էլ ասուլիսի ժամանակ հնչած տեքստի հեղինակն է: Նամակի հեղինակը խնդրել է նյութում հիշատակել կազմակերպիչ ՀԿ-ի անունը:

Լուսանկարը՝ Turan գործակալության

Tekali Taxi