Home / Հայաստան / Նախագահի թեկնածուների առաջադրման պայմանները փոխում են կոնկրետ անձանց համար. Րաֆֆի Հովհաննիսյան

Նախագահի թեկնածուների առաջադրման պայմանները փոխում են կոնկրետ անձանց համար. Րաֆֆի Հովհաննիսյան

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ իշխանությունները որոշել են փոխել նախագահի թեկնածուների առաջադրման պայմանները՝ կոնկրետ անձանց ընտրվելու հնարավորությունն ապահովելու համար։ Այս մասին Հովհաննիսյանն ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում:

Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում Հայաստանում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

Այժմ իշխանությունները որոշել են քննարկման առարկա դարձնել Սահմանադրության այս պահանջը, և չի բացառվում, որ այդ տասը տարվա շեմը նվազեցվի։

Իշխանությունները հղում են կատարում Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ դեռևս երկու տարի առաջ արված առաջարկներին, որոնց համաձայն այդ տասը տարվա պահանջը անհամաչափ է։

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ժամանակին իր մաշկի վրա է զգացել այս հարցը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության հենց 50-րդ հոդվածը կիրառեցին իր դեմ՝ թույլ չտալով և 2003-ին, և 2008-ին մասնակցել նախագահական ընտրություններին։

Հովհաննիսյանի համոզմամբ՝ եթե այն ժամանակ Սահմանադրության այս դրույթի թիրախը ինքն էր և իր նմանները, ապա այժմ այդ դրույթի իմաստը չկա։ Իսկ թե ինչու են հիմա որոշել փոփոխել Սահմանադրության այդ պահանջը, ընդդիմադիր գործիչը չի բացառում, որ այդ կերպ վարչակազմը ցանկանում է լուծել իշխանությունը փոխանցելու հարցը։

«Թե կոնկրետ անձանց է վերաբերում այս մտադրությունը, չեմ բացառում, բայց ես կարծում եմ, որ եթե կար պետական դե յուրե իշխանական կամքը սա փոխելու, սա կարող էինք փոխել տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ, բայց պահել են սա մինչև այս պահը, և չի բացառվում, որ նպատակաուղղված է կոնկրետ անձանց։ Նայում են, թե իշխանության հերթափոխը իրենք ինչպես են դիտարկում մի քանի տարի անց, թե ինչպես պետք է փոխանցեն իրենց այս իշխանական վիճակը»,- ասել է Հովհաննիսյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով այս խնդրին, «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ, հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները և աշխարհագրական դիրքը, քաղաքացիության և մշտական բնակության ցենզը պետք է պահպանվի։ Զոհրաբյանը չցանկացավ ասել, թե ինչ նպատակով է իշխանությունը հանկարծ որոշել անդրադառնալ այս հարցին: Նա  նշել է, որ նախ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է հիմնավորումներ ներկայացնի՝ ինչու է ցանկանում նվազեցնել տասը տարվա շեմը։

«Այլևս չփորձենք Սահմանդրությունը հարմարեցնել այս կամ այն անձին, ինչը արվել է բազմիցս։ Այդ ավանդույթը՝ Սահմանադրությունը պարբերաբար ձևել ինչ-որ մեկի վրայով կամ ինչ-որ մեկի համար, սա ժողովրդավար լինել ցանկացող երկրի համար հարիր մոտեցում չէ»,- ասել է Զոհրաբյանը։

Tekali Taxi