«Եղբայր, ես ազգայնական չեմ: Ես պատերազմ չեմ ուզում: Ես չեմ ուզում մեռնել կամ սպանել»
Նախկին ժողովրդական գրող, այժմ «հայրենիքի դավաճան» Աքրամ Այլիսլիից հետո ևս մի տաղանդավոր գրող դարձել է սոցիալական ցանցերում, տարբեր կայքերում ու բլոգերում ակտիվություն ցուցաբերող ազգայնականների թիրախը: Գյունել Մովլուդի՝ Epress.am-ին տված հարցազրույցի ու դրա բարձրացրած վրդովմունքի ալիքի մասին kulis.az կայքում գրում է Մովլուդի գործընկեր Շարիֆ Աղայարը (լուսանկարում):
«Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գրականությունը հզոր զենք է: Գրողը հզոր զենք է: Նրա մի պարզ նախադասությունը, մի պարզ շարժումը կարող են ամբողջ երկիրը, ամբողջ հասարակությունը ոտքի հանել:
Հատկապես, եթե այդ գրողը ազատ է, ոչ մեկին չի քծնում ու ոչ մեկի առաջ չի խոնարհվում... Համոզված է ու անկեղծ... Սա պետք է վերջնականապես հասկանալ: Գյունել Մովլուդին ես բավական վաղուց գիտեմ: Մենք միասին աշխատել ենք, երբ նա դեռ նոր էր մուտք գործում մամուլ: Ես նրա հոդվածների, հարցազրույցների, ռեպորտաժների, բանաստեղծությունների ու պատմվածքների առաջին ընթերցողներից էի:
Ու գրականության ուժի, Գյունելի հետ հաշվեհարդար տեսնել կոչ անող «հայրենասերների» գրելու ունակության մասին էլ պատկերացում ունեմ: Զարմանալի պատկեր է: Ինչո՞ւ են այս երկրում տաղանդավոր մարդիկ դառնում հիմարների թիրախը: Ինչո՞ւ է այս ժողովուրդը ավելի շատ հավատում նրանց, ովքեր իրեն «գցում են», իր հետ անում Աստված գիտի՝ ինչ: Թե ում է Գյունելը հարցազրույց տվել, ինչ է ասել՝ դա իր անձնական գործն է: Ես, բնականաբար, չեմ ցանկանում ներքաշվել հիմար նախաձեռնության մեջ՝ մտնել բավական խելացի, տաղանդավոր գրողի ուղեղն ու փորձել փոխել նրա մտքերը:
Միևնույն ժամանակ, հոդվածիս նպատակը նրան արդարացնելը չէ: Ինձ համար ցավալի է տեսնել շրջապատիս ֆաշիստական վերաբերմունքը մի մարդու հանդեպ, որ իրենցից հարյուր անգամ տաղանդավոր է: Մենք ո՞ր դարում ենք ապրում: Կարելի՞ է արդյոք գրողին Լինչի դատաստանի ենթարկել այլակարծության համար: Մի՞թե կարծում եք, որ այս երկրի բոլոր անհաջողություններում մեղավոր են Աքրամ Այլիսլին ու Գյունել Մովլուդը:
Մի՞թե այդպես մտածող մարդիկ կան: Իսկապես, զարմանում եմ: Ուղղակի ապշում ես, երբ մարդիկ, որոնք սարսափում են սովորական սերժանտից, պոչ են խաղացնում նախարարի առաջ, լռում են, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները, աքլորանում են գրողի դեմ: Փորձում են նրանցից վրեժ լուծել բոլոր անհաջողությունների ու կորուստների համար: Ինչպե՞ս կարելի է այդպես մտածել:
Եղբայր, ես ազգայնական չեմ: Ես պատերազմ չեմ ուզում: Չեմ ուզում մեռնել կամ սպանել: Ես համոզված եմ, որ ժողովուրդներն ու ազգերը երբեք մեկը մյուսի թշնամին չեն լինում: Այդ մասին բազմիցս խոսել են նաև Հյուգոն, Դոստոևսկին, Տոլստոյն ու Գորկին, Օրհան Փամուկն ու Միրզա Ջալիլը, Ջաֆար Ջաբբարլին, Ուզերի Հաջիբեկովն ու Անարը: Գրականությունը մի բան է, պատերազմը՝ մեկ այլ բան:
... Պարզապես ծիծաղելի է, որ ցանկանում եք Վրաստանում ապրող գրողի միջոցով չարախոսել հայ ժողովրդի մասին: Աշխարհի խելամիտ մարդիկ չե՞ն մտածի արդյոք, որ եթե այդպես է խոսում երկրի գրողը, ապա այդ երկրի զինվորը պատրաստ է օրորոցում նորածնի մասնատել:
Գյունել Մովլուդը վաճառելու ի՞նչ ունի: Մի գյուղ ուներ, դա էլ վաճառողներն արդեն վաճառել են: Տրամաբանություն ունեցեք: Չէ՞ որ դուք գրչի մարդիկ եք»: