Home / Հայաստան / Երկու մարզերում ցեցը վնասել է բերքի 70%-ը. փոխհատուցում չի նախատեսվում

Երկու մարզերում ցեցը վնասել է բերքի 70%-ը. փոխհատուցում չի նախատեսվում

Արարատի և Արմավիրի մարզում տարածված ցեցը վնասել է կարտոֆիլի և լոլիկի բերքի մեծ մասը: Գյուղացիների փոխանցմամբ՝ այն համայնքներում, որտեղ հիվանդությունը տարածվել է, բերքի ավելի քան 70%-ը ոչնչացվել է: Գյուղատնտես Արշակ Կիրակոսյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ցեց հիվանդությունը գյուղացիները կապում են Թուրքիայից ներկրված լոլիկի՝ շուկայում հայտնվելու հետ:

Ըստ գյուղատնտեսի՝ հիվանդության նման հետևանքները անհնար էր կանխել, քանի որ այն տարածվում էր մեծ արագությամբ և անբուժելի է: Ցեցի դեմ վաճառվում է դեղամիջոց, որի մեկ լիտրն արժե 270 հազար դրամ, ինչը աննախադեպ գին է, և ոչ բոլորն են կարողանում այն գնել:

«Միևնույն է՝ դա էլ չի օգնում, ցեցը թռնում է, տարածվում է: Եթե նույնիսկ բուժում ենք, հարևանը՝ չի բուժում, մի քանի օրից ցեցը հարևանի արտից նորից վարակը տարածում է»,- ասել է Արշակ Կիրակոսյանը:

Գյուղատնտես Երեմ Առաքելյանն էլ Epress.am-ին ասել է, որ ցեցը տարածվում է հիմնականում այն համայնքներում, որտեղ հողը ինտեսնսիվ օգտագործել են տարիներ շարունակ:

Ցեց հիվանդության դեմ պայքարի պետական քաղաքականությունը ճշտելու համար Epress.am-ը դիմել է Գյուղատնտեսության նախարարությանը:

«Վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման նպատակով մշակվել ու հրատարակվել է մեթոդական ուղեցույց, որն անհատույց տրամադրվել է համայնքներին, մասնագետներին, հողօգտագործողներին»,- պատասխանել է փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպվել է նաև սեմինար Արարատի ու Արմավիրի մարզերի հողօգտագործողների համար, այն վարել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ (իրենց ծախսերով) «Լիմայի» (Պերու) կարտոֆիլի միջազգային կենտրոնից հրավիրված մասնագետը: Բացի այդ, անցկացվում են դաշտային ուսուցումներ, տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն, տրամադրվել են խորհրդատվական թերթիկներ:

«Դեռևս խնդիրներ կան բաց գրունտի պայմաններում մորմազգի մշակաբույսերի ցանքերում ցեցի դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման ուղղությամբ: Այդ կապակցությամբ նախարարության համակարգում գործող մասնագիտական և խորհրդատվական ծառայությունների կողմից համապատասխան քայլեր են իրականացվում: Պետք է նշել, որ այս հիվանդությունը  տարածված է մեր հարևան երկրներում ևս: Տեղեկացնում ենք նաև, որ ցեցի կողմից հասցված վնասի փոխհատուցում չի նախատեսվում, քանի որ գյուղատնտեսական բույսերի ցանքերը վնասվում են նաև տարատեսակ այլ հիվանդություններից ու վնասատուներից, որոնց դեպքում նույնպես նման հարց չի քննարկվում»,- ասել է Գառնիկ Պետրոսյանը: 

Tekali Taxi