Գլխավոր / Հայաստան / Վանաձորի բուհերի հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից

Վանաձորի բուհերի հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվեց Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միավորման հիման վրա Վանաձորի պետական համալսարանի ստեղծման հարցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարցը ուղարկվել է լրացուցիչ քննարկման:

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում բողոքի ցույց է անցկացվել, որին մասնակցում էին Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի թե ուսանողները, թե դասախոսները: Նրանք պահանջում էին չվերացնել մասնաճյուղը:

«Էսօր պոլիտեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու… ո՞ւմ է պետք երկիրն առանց ինժեների, սա ի՞նչ խայտառակություն է»,- դժգոհել էին դասախոսները:

Երեկ ԱԺ-ում խնդրին անդրադառնալով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ մ իջազգային փորձագետները եկել են այն եզրակացության, որ փոքր համալսարանները չունեն բավարար ենթակառուցվածքներ, և անհրդաժեշտ է  խոշորացումներ իրականացնել

«Ուսանողները չեն զրկվելու ուսումը շարունակելու հնարավորությունից: Կուսումնասիրենք՝ ինչն է նրանց դժգոհության պատճառը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հարցը բարձրացրած պատգամավոր Էդմոնդ Մարուքյանի դիտարկմանը, թե Վանաձորում այս հարցով հանրային լսումներ չեն անցկացվել, վարչապետը պատասխանել է, թե քննարկումներ եղել են, սակայն այժմ ևս ինքը կհանձնարարի Կրթության և գիտության նախարարին, որպեսզի հանրային լսումներ անցկացվեն, որոնց կմասնակցեն և ուսանոսղները, և Վանաձորից մեծամասնականով ընտրված պատգամավորը:

Լուսանկարը՝ lorinews.am