Home / Հայաստան / Մնացական Մարտիրոսյան. Քաղաքական պատվերների դատավորը

Մնացական Մարտիրոսյան. Քաղաքական պատվերների դատավորը

Վերջին 5 տարիների ընթացքում Մնացական Մարտիրոսյանը դատական համակարգի ամենաճանաչելի դեմքերից է: 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո նա մի շարք աղմկահարույց քաղաքական դատավճիռներ է ընթերցել՝ կատարելով իշխանությունների պատվերը: Ընդդիմության ներկայացուցիչների գործերով դատավարությունների ժամանակ պարզ է եղել՝ արդարացման վճիռ Մարտիրոսյանը չի կայացնելու: Բացի քաղաքական վճիռներից, Մարտիրոսյանը մի քանի այլ աղմկահարույց գործեր է քննել:

Պետական դավաճանության գործը

2012 թվականին Մնացական Մարտիրոսյանին էին «վստահել» պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 անձանց գործը: Գործով անցնում էին նաև 3 քաղաքացի, ովքեր մեղադրվում էին հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ:

Դատավարության ընթացքում ավելի մեծ թվով ապացույցներ են եղել Կարեն Մեհրաբյանի մասով, ով, ըստ քննիչի, 2011թ. մեկնել է Թուրքիա և որոշակի վարձատրության ստանալու դիմաց Տիգրան և Սայիդ անուններով հետախույզներին խոստացել է ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել:

Մեհրաբյանի պաշտպան Անուշ Հովհաննիսյանն ասել է, որ գործի քննության ընթացքում ապացուցվել է, որ Կարեն Մեհրաբյանն ընդամենը զոհ է դարձել հետախույզների դավադրության և իրականում չի իմացել, որ իր կողմից փոխանցված տեղեկատվությունը օգտագործվելու է երկրի դեմ: Փաստաբան Անուշ Հովհաննիսյանը խնդրել է նրա հանդեպ մեղմ պատիժ կիրառել, նույնիսկ եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի:

Մինչդեռ մյուս մեղադրյլաների՝ Աշոտ Չտրկյանի և Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպանները՝ Հարություն Բաղդասարյանը և Սարգիս Ասլանյանը, դատավարության ընթացքում բազմիցս հայտնել են, որ իրենց պաշտպաններն անմեղ են և ոչ մի փաստացի ապացույց չկա, թե իրենք գործել են Մեհրաբյանի հետ:

Մնացական Մարտիրոսյանը ոչ մի փաստարկ հաշվի չի առել՝ Չտրկյանին ու Մաթևոսյանին դատապարտելով 10 տարվա ազատազրկման: Վերջին դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում առաջին անգամ հայտնվել են հեռուստատեսությունների օպերատորները՝ առանց լրագրողների: Լրատվամիջոցների օպերատորների ներկայության մասին իրենց դժգոհությունը հայտնել են ամբաստանյալնների հարազատները, քանի որ նրանք հայտնվել էին դատարանում առանց միջնորդության, իսկ մինչ այս դատը նույնիսկ լուսանկար անելու միջնորդությունները մերժվել էին:

Օպերատորների ներկայությունից դժգոհ էին նաև Հարություն Բաղդասարյանը և Սարգիս Ասլանյանը: Ըստ նրանց՝ այդ հեռուստատեսությունները «ագիտացիայի վարչություն են, և միայն դատավճիռը ցույց կտան եթերում` ընտրելով ուզած կադրերը և ոչ մի խոսք չեն ասի ամբողջ դատակական պրոցեսից»:

Մարտի 1. «7-ի գործ»

Նախկինում քննիչ և դատախազ աշխատած Մնացական Մարտիրոսյանը 2008-ից 2009 թվականը ընկած ժամանակահատվածում քննել է աղմկահարույց «7-ի գործը»: Մարտի 1-ից հետո ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը և Հակոբ Հակոբյանը մեղադրվում էին 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Նորանկախ Հայաստանի պատմության ամենասկանդալային դատավարություններից մեկի ընթացքում Մնացական Մարտիրոսյանը մի քանի անգամ մերժել է պաշտպան կողմի ինքնաբացարկի միջնորդությունը, սանկցիաներ կիրառել փաստաբանների ու մեղադրվող քաղբանտարկյալների նկատմամբ, ակնհայտ կողմնապահ վարք դրսևորել՝ պաշտպանելով իշխանությունների դիրքորոշումը: Դատական նիստերից մեկի ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը դատավորից պահանջել է իրենց չդիմել «ամբաստանյալ» բառով, Շանթ Հարությունյանն ասել է, որպեսզի Մարտիրոսյանը վճիռն ընթերցելիս հայտարարի, որ այն կայացվել է Ռուսաստանի Դաշնության անունից, իսկ Սուրեն Սիրունյանը պնդել է, որ դատավորը պետք է «իր վրա բենզին լցնի ու վառի»:

Հասկանալով, որ «7-ի գործը» լայն հնչեղություն է ստանում, իշխանությունները որոշում կայացրեցին իրարից անջատել քաղբանտարկյալների գործերը՝ դրանք բաժանելով 4 մասի: Հենց այդ քաղաքական որոշումն էլ դատարանում ընթերցել է Մնացական Մարտիրոսյանը:

Նիկոլ Փաշինյան

Մնացական Մարտիրոսյանը քննում էր նաև 1 տարուց ավել ընդհատակում անցկացրած և դատախազություն կամովին ներկայացած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործը:

Փաշինյանի դատավարությունը նույն ընթացքն ունեցավ, ինչ Մարտիրոսյանի քննած նախորդ քաղաքական գործերը: Բազմաթիվ անգամ խախտելով պաշտպան կողմի իրավունքները, ուշադրություն չդարձնելով Փաշինյանի օգտին խոսող ապացույցների վրա՝ դատավորն ակնհայտ քաղաքական պատվեր կատարեց՝ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցչին դատապարտելով 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանով, չնայած այդ հոդվածով դատախազը Փաշինյանի համար 6 տարի էր պահանջել:

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ

Մնացական Մարտիրոսյանի համար քաղաքական դատավճիռներ կայացնելու փուլը Փաշինյանով չի ավարտվել: 2010 թվականի մայիսի 31-ին մի խումբ ՀԱԿ ակտիվիստներ փորձել են մտնել Ազատության հրապարակ, սակայն ոստիկանները արգելել են դա անել: Նրանք բերման են ենթարկել 17 հոգու, այդ թվում՝ 3 լրագրողների, իսկ Դավիթ Քիրամիջյանին բերման ենթարկելիս ծեծել են: Քիրամիջյանին մեղադրել են խուլիգանության, իսկ մեկ այլ ակտիվիստ Սարգիս Գևորգյանին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

Չնայած դատավարության ընթացքում վկաները, ինչպես նաև իրենք՝ ՀԱԿ ակտիվիստները, նշել են, որ բռնության չեն դիմել, հակառակը՝ երիտասարդների նկատմամբ է բռնություն կիրառվել, Մնացական Մարտիրոսյանն այդ փաստարկները հաշվի չի առել, Քիրամիջյանին ու Գևորգյանին մեղավոր ճանաչել՝ վճռելով երիտասարդների նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել 2 տարվա փորձաշրջան:

Լուսանկարը` court.am

Tekali Taxi